Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտներն Արցախին նվիրված համերգներ են ունեցել Լիտվայի քաղաքներում

Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտներն Արցախին նվիրված համերգներ են ունեցել 
Լիտվայի քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Ալգիս Կաշետայի հրավերով գտնվում էին Լիտվայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին Վարենա քաղաքում ամենամյա սնկի փառատոնի շրջանակներում արցախցի երաժիշտները կատարել են հայկական աշուղական-ժողովրդական երգարվեստի և արցախյան ֆոլկլորի գործեր, որոնք ջերմ ընդունելության են արժանացել հանդիսատեսի կողմից։

Հոկտեմբերի 1-ին Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները լիտվական Յոնիշկիս քաղաքում մասնակցել են տեղի հայ գործարար Վարդգես Հովսեփյանի նախաձեռնությամբ Յոնիշկիսի Պատմության և մշակույթի թանգարանում բացված Արցախին նվիրված «Կյանքն Արցախում» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև Յոնիշկիսի քաղաքապետ Գեդիմինաս Չեպուլիսը, փոխքաղաքապետ Վայդա Ալեկնավիչիենեն, Լիտվայի Սեյմասի պատգամավոր, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Վիտալիյուս Գայլուսը, քաղաքապետարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկաները ծանոթացել են Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը, արվեստին ու ավանդույթներին: Միջոցառմանը ցուցադրվել է լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:

Յոնիշկիսի փոխքաղաքապետ Վ. Ալեկնավիչիենեն նշել է, որ իրենց համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նման միջոցառման անցկացումը, քանի որ հնարավորություն է ստեղծվել առավել մոտիկից ծանոթանալ հայկական պատմությանն ու մշակույթին։ Իսկ Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Վ. Գայլուսը իր խոսքում ուրախություն հայտնելով նշեց, որ ֆոտո և վիդեո նյութերի միջոցով իրենք տեսան Արցախում կյանքի առաջընթացը: Նա համոզմունք հայտնեց, որ լավ ծանոթ լինելով արցախցիների պատմությանն ու մշակույթին, վստահ է, որ արցախցին պահելու և շարունակելու է շենացնել իր հողը, իր հայրենիքը, քանի որ նա է այդ երկրի՝ Արցախի իրական տերը։

Միջոցառումը եզրափակվել է հայ երաժիշտների կողմից արցախյան ժողովրդական կատարումների ընդգրկող երաժշտական ծրագրով։

Հոկտեմբերի 2-ին Կաունասի ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում Արցախից ժամանած երաժիշտները նախ ներկայացրել են երաժշտական գործիքները, և դրանց պատրաստման ու օգտագործման եղանակները։ Միջոցառումից առաջ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են ֆրանսահայ մեծանուն երաժիշտ, շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։
Շուրջ մեկ ժամ տևած համերգի ընթացքում հնչել են Սայաթ-Նովայի, Գուսան Աշոտի, Վլադիլեն Բալյանի և այլ հեղինակների գործեր:
Նշենք, որ Վարենա քաղաքում տեղի ունեցած ամենամյա սնկի փառատոնի հրավիրված էր նաև Դիլիջան համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ: Սեպտեմբերի 28-ին Վարենայի քաղաքապետարանում քաղաքապետ Ալգիս Կաշետան և Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ստորագրել են Վարենայի և Դիլիջանի միջև համագործակցություն և բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին արձանագրություն: Սեպտեմբերի 29-ին Դիլիջանի քաղաքապետը մասնակցել է Վարենա քաղաքի ամենամյա տոնին՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ ողջունելով հյուրերին։ Դեսպանը նշել է, որ անցյալ տարվա փառատոնին խոսք էր տվել, որ տարվա ընթացքում Վարենան Հայաստանի քաղաքներից մեկի հետ բարեկամություն կհաստատի, և որ ինքն ուրախ է, որ տրված խոստումը պահպանել է։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am