Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին, ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում:
Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում