Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Կայրաթ Աբդրախմանովի հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող հարցեր, նախանշել են երկկողմ փոխշահավետ համագործակցության առավել խորացմանն ուղղված համատեղ քայլերը:
Ներկայացնելով ժողովրդի լայն մանդատի վրա ձևավորված կառավարության զարգացման օրակարգը և դրա գերակա ուղղություններ հանդիսացող նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է տվյալ բնագավառներում երկկողմ համագործակցությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում