Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Արդարադատության նախարարությունը շոշափելի արդյունքներ է գրանցել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում իրականցվող քայլերում գրանցել է շոշափելի արդյունքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը. դարձնե՛նք տեսանելի անտեսանելին» նշանաբանով համաժողովի բացման իր խոսքում  այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա առանձնացրեց կատարված քայլերը. «Ընտանիքում բռնության կանխարգելման և համերաշխության վերականգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, Ընտանեկան օրենսգրքի կատարելագործումը, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք հարակից իրավական ակտեր:

«Այս օրենսդրական նախաձեռնությունները երկարաժամկետ ձեռնարկումների իրավական հիմք են , որի վրա զարգացնելու ենք կառուցակարգեր և աջակցության սխեմաներ: Անշուշտ` հասարակական կյանքում որակական, համակարգային փոփոխությունների հասնելու համար միայն օրենսդրությունը բավարար չէ: Ցավալիորեն, երեխաները բռնության զոհ են այդպիսի միջավայրերում , որտեղ միշտ չէ հնարավոր իրավական կարգավորումներով ապահովել լավագույն լուծումները: Լավագույն լուծումը սոցիալական նորմերի փոփոխությունն է` մեր համայնքներում երեխաների նկատմամբ հոգածության, պաշտպանության, մշակույթի զարգացման համալիր քայլերը, որին ձեռնամուխ ենք լինում մեր գործընկերների հետ »,- ընդգծեց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը կարևորեց նաև բռնության արձագանքման` կանխարգելումից մինչև պաշտպանություն հզորացումը:

 Զեյնալյանը նշեց, որ քրեական արդարադատության մարմինները ևս մասնագիտացման անհրաժեշտություն ունեն:

«Քրեական արդարադատության մարմինների համար արդեն իսկ մշակվել են ձեռնարկներ, շարունակաբար իրականցվում են վերապատրաստումներ, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից ապահովի երեխաների նկատմամբ անհրաժեշտ զգայուն մոտեցումը»,- ասաց Զեյնալյանը:

Ըստ նախարարի `ՀՀ կառավարության համար օրակարգային են  երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը , առաջնային աջակցության տրամադրումը, արդարադատության ծառայությունների հասանելիության ապահովումը:

«Այս խնդիրների լուծումը պահանջում է  համագործակցության նոր մոտեցումներ` առկա հիմնախնդիրների արդյունավետ, որակական  նոր մակարդակում կանխարգելող, արձագանքող լուծումներ: Արդարադատության նախարարությունը այդ ուղղությամբ ձեռնամուխ է եղել  համակարգային  երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը, ինչի հիմքում յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ապահովման, կառուցակարգերի զարգացումն է:  Միջազգային առաջավոր պրակտիկան որպես հիմնարար քայլ է դիտարկում միջգերատեսչական համագործակցային մարմնի ստեղծումը՝ որպես  բռնության արձագանքման միասնական հարթակ»,- նշեց Զեյնալյանը:

Նախարարը հիշեցրեց, որ բազմաթիվ գործընկերների մասնակցությամբ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ 2015 թվականին ստեղծվել է անչափահասների արդարադատության խորհուրդը՝ որպես բռնության արձագանքման միասնական հարթակ:

«Անչափահասների արդարադատության խորհուրդը, որպես համագործակցային հարթակ, ծառայում է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտի աշխատաքները համակարգելու գործին:  Մասնավորապես` խորհրդի շրջանակներում վեր են հանվում այս ոլորտում առկա խնդիրները, անց է կացվում քարտեզագրում` արձանագրելու համար՝ որտեղ են մենք, ինչ խնդիրներ ունենք:  Իրականացվում են օրենսդրության մշակման և երեխաների պաշտպանության գործուն համակարգի ներդրման աշխատաքները»,- եզրափակեց Զեյնալյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ