Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Շատ եմ կարևորում տնտեսական բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը: Տեխնոլոգիական զարգացումներն ու ներկա մարտահրավերները պահանջում են ուշադրություն և կենտրոնացում դեպի այն ոլորտները, որոնք ունակ են ստեղծել բարձր արժեք: Այս տեսանկյունից կառավարությունն ընդգծված քաղաքականություն է իրականացնում հիմնականում մի քանի ոլորտների ուղղությամբ»,- նշեց Արցախի պետնախարարը՝ ոլորտներից առանձնացնելով զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները:

Պետական նախարարի խոսքից հետո ֆորումին ներկա գործարարները հարցեր հնչեցրին իրենց գործունեության վերաբերյալ, հայտնեցին Արցախում ներդրումներ կատարելու ցանկություն:

Գործարարներից մի քանիսը խոսեցին Արցախում կադրերի ոչ մեծ խնդրի առկայության մասին:

«Գուցե մենք լավ չենք փնտրում, սակայն կարող եմ ասել, որ չենք կարողանում աշխատող գտնել մեր գործունեության համար: Մեկ այլ խնդիր նույնպես կա՝ արևային էներգետիկայի շուկայի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ կան: Չկա օրենսդրություն՝ արևային կայանների էներգիան ցանց առաքելու մասին»,- նշեց գործարարներից մեկը:

Գրիգորի Մարտիրոսյանն ընգծեց, որ մոտակա ժամանակահատվածում օրենքը կընդունվի, նախորդ ամիսներին արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

«Արևային էներգիայի զարգացումը մենք շատ ենք կարևորում, այդպիսի ծրագիր իրականացվում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից կողմից»,- ասաց պետնախարարը:

Անդրադառնալով աշխատողների պակասի հարցին՝ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հնարավոր է՝ եղել է որոշակի խնդիր, սակայն, կադրերի պակասի մասին միանշանակ խոսել պետք չէ:

«Գուցե կա մի փոքր գործազրկություն, սակայն դա կառուցվածքային է, քանի որ, մի կողմից, աշխատանքի շուկայում ավելցուկ ունենք՝ հումանիտար ոլորտներում, իսկ մյուս կողմից՝ տեխնիկական մասնագիտությունների առումով պահանջարկը չի բավարարվում»,- եզրափակեց Արախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ