Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում քաղաքական ուժերի հետ կքննարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսեն տնտեսության վերականգնման ընթացքը: «Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս, և այն պետք է փոխենք: Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, և մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարևոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից: Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետև հետհեղափոխական շրջանի ամենակարևոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ: Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ընդգծել է վարչապետը: 

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության: «ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, և ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որևէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ