Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական  «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավվելու ցանկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա կարող է լինել կուսակցության, շարժման, որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, նաև՝ կարող է անձնավորված, կամ ոչ անձնավորված լինել:  Անդրադառնալով հարցին, թե ինքը, որ տարբերակին է հակված՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել»:

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ ինքը քաղաքականությունից երբեք չի հեռացել: «Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Ես 10 տարի պասիվ եմ եղել: Իմ դիրքորոշումն արտահայտել եմ սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ ցուցաբերել: Հիմա ես շատ ավելի ակտիվ եմ արտահայտվելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին զգացել է բողոքական տրամադրությունները և ժամանակին գործել է: «Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը:

Հարցին՝ 4 ամիսը բավարար ժամանակ է՝ հասկանալու, գնահատելու համար իշխանության կոմպետենտությունը, կամ ոչ կոմպետենտությունը, հաջողությունը կամ անհաջողությունը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ դա բավարար ժամանակ է հասկանալու համար, թե որքանով է իշխանությունը կոմպետենտ, ինչ արժեքների վրա է հիմնվում, որքանով է այն ունակ համակարգային աշխատանքի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ