Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտիրոս Սարյանի՝ Փարիզում ստեղծած կտավներն ու գրաֆիկական աշխատանքները ներկայացվեցին մեկ հարթակում

Մարտիրոս Սարյանի՝ Փարիզում ստեղծած կտավներն ու գրաֆիկական աշխատանքները 
ներկայացվեցին մեկ հարթակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում  սեպտեմբերի 19-ին բացվեց «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք հեղինակը ստեղծել է 1926-1928 թվականներին Ֆրանսիայում:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը, որն այրված էր համարվում։ Սարյանն այն համարել է իր «ուժեղ գործերից» մեկը:

«Ներառվել է տասը ստեղծագործություն Սարյանի փարիզյան շրջանից, նույն ժամանակահատվածում ծնված քսան գրաֆիկական աշխատանք: Արվեստասերները հնարավորություն կունենան տեսնել Սարյանի անձնական իրերը, 3D ակնոցի միջոցով ծանոթանալ նրա այն կտավների սև ու սպիտակ տարբերակով լուսանկարներին, որոնք, ավաղ, այրվել են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նա հավելեց, որ, համեմատելով Սարյանի մինչև Փարիզ գնալը և դրանից հետո նկարած ստեղծագործությունները, հստակ կարող ենք տեսնել, թե ինչպիսի գեղանկարչական խնդիրներ էր նա դրել իր առաջ և կարողացել լուծել դրանք դեպի Փարիզ կարճատև գործուղման ընթացքում: «Փոխվում է նրա յուղաներկով աշխատելու տեխնիկան, լույսը, արևը ներկայացնելու ձևը, գույների համադրությունը, վրձնահարվածները դառնում են ավելի կարճ, ավելի հատու: Մինչև Փարիզ գնալը Մարտիրոս Սարյանը սիրում էր մեծ հատվածներով նույն գույնով ծածկել կտավը»,-ներկայացրեց Ռուզան Սարյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա նոյեմբերի 14-ը: Այն մեկ անգամ ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում:

1926-1928 թվականներին Մարտիրոս Սարյանն ապրել և աշխատել է Փարիզում: Այդ շրջանը նշանակալի ազդեցություն է ունեցել նկարչի արվեստի հետագա զարգացման և գեղանկարչական խնդիրների լուծման առումով:

Սարյանը Փարիզում ստեղծել է մոտ քառասուն գործ, Շարլ-Օգյուստ Ժիրար պատկերասրահում կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսը, որը մեծ արձագանք է ստացել արվեստների մայրաքաղաքում: Բայց, ավաղ, տունդարձի ճանապարհին նրա երեսուն ստեղծագործություն այրվել է ֆրանսիական նավատորմին պատկանող «Ֆրիժ»-ի բեռնախցում` Կոստանդնուպոլսի նավահանգստում: Փարիզյան շրջանից պահպանվել են միայն այն կտավները, որոնք նկարիչն ի պահ էր տվել իր բարեկամուհուն՝ թատերական գործիչ Աննա Բուդաղյանին, և կտավներ, որոնք վաճառել կամ նվիրել էր Ֆրանսիայում ապրող ընկերներին: Պահպանվել են նաև այն էտյուդներն ու գրաֆիկական աշխատանքները, որոնք իր հետ գնացքով բերել էր Հայաստան: Այդ իսկ պատճառով Սարյանի փարիզյան շրջանից պահպանված գործերը մասունքների արժեք են ձեռք բերել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am