Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

«Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» ցուցահանդեսը նվիրված է Հովհաննես Քաջազնունու և Հովհաննես Թումանյանի հոբելյաններին


ԵՐԵՎԱՆ, 18  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Քաջազնունու՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի և Հովհաննես Թումանյանի  150-ամյակներին նվիրված ցուցադրությանը դեմ-դիմաց ներկայացված էին երկու մեծ հայերի ընդհանրությունների, ճակատագրերի համընկնումների մասին պատմող ցուցանմուշներ՝ որպես ընտանիքի հայրերի, զինվորների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագրով բացօթյա ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի մոտ:

«Նրանք լավ բարեկամներ են եղել, սակայն շատ տարբեր բնավորություններ են ունեցել: Նրանց ճակատագրերը շատ են նման` սկսած ծննդյան օրից, մինչև մահ: Երկուսի հայրերն էլ քահանաներ էին: Նրանք մեծացել են Խաչատուր Աբովյանի գաղափարախոսությամբ, երկուսն էլ ընդհատակյա գաղտնի քաղաքական կազմակերպությունների անդամներ են եղել, ձերբակալվել են երիտասարդ տարիքում և ընտանիքի հրաշալի հայրեր են եղել»,- նշեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Թուխիկյանը շեշտեց, որ երկուսի համար էլ հայրենիքը գերագույն արժեք է եղել: Նա պատմեց, որ Քաջազնունին ծնունդով Էրզրումից էր և պաշտում էր այն, իսկ Հովհաննես Թումանյանը  փառաբանում էր Լոռին:

«Նրանց կյանքի ողբերգական մասն սկսվեց Հայոց ցեղասպանությունից հետո: Քաջազնունին մուտք գործեց քաղաքականություն: Թումանյանը պաշտոններ չուներ, բայց նրա «պաշտոն»-ը ամենաբարձրն էր. նա Ամենայն հայոց բանաստեղծն էր:  Մինչև առաջին հանրապետության ծնունդը ստանձնեց հայությանն առաջնորդելու գործը, քանի որ այլ մեկը չկար: Իբրև քաղաքացի, Թումանյանը շատ հզոր էր: Քաջազնունին էլ հզոր վարչապետ էր: Նա բացառիկ բարոյական կերպար էր, և Քաջազնունուց հետո ես չեմ հիշում  որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, ով այդքան բարոյական լինի»,- շեշտեց թանգարանի տնօրենը:

Թուխիկյանը ցավով փաստեց, որ Քաջազնունու 150-ամյակը Հայաստանում գրեթե չի նշվել: «Մենք իրավունք չունենք անփույթ լինել նման մարդկանց նկատմամբ»,- շեշտեց նա:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ