Լենա Նազարյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսումը համարում է պետության շահերի դեմ գործողություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը պետության և խոսքի ազատության դեմ գործողություն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից:
«Գաղտնալսում կարող է արվել միայն համապատասխան պետական կառույցների կողմից՝ պետության և քաղաքացիների օրինական շահերը պաշտպանելու համար: Ցանկացած այլ դեպքում դա գործիք է, որը օգտագործվում է պետության շահերի և խոսքի ազատության դեմ: Եթե գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին, կարելի է ենթադրել, որ գաղտնալսել են նաև ՀՀ պաշտպանության նախարարին: Եվ ինչ իմանանք, թե դրանց արդյունքում ձեռք բերված նյութերը չեն օգտագործվել մեր պետության դեմ»,- ասաց Նազարյանը:
Նրա խոսքով՝ հանրությանը պետք է ներկայացվի, թե ովքեր են որոշել պետության մեջ պետություն լինել:
Պատգամավորի դիտարկմամբ՝ գաղտնալսումից պարզ է մի բան՝ դատավորներին որևէ հրահանգ չի տրվել և չի տրվելու: «Եղել է մի ուղերձ՝ չվախենալ, չկասկածել, չենթարկվել հրահանգների, և եթե պետք է ու կան օրինական հիմքեր՝ կալանավորել»,- նկատեց Նազարյանը:
Նրա խոսքով՝ դատավորները, մինչ հիմա սովոր լինելով նախկին պրակտիկային, զանգում են տարբեր պաշտոնյաներին և հարցնում ինչպես վարվել, իսկ պատասխանը՝ «ստացանք»:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Մարտի 1-ի գործով մանրամասների ու դրա շրջանակում կալանավորման որոշումների մասին են զրուցում Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Դրան «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անմիջապես հետո ասուլիսով հանդես եկան ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հաստատելով, որ դա իսկապես իրենց հեռախոսազրույցն է: Վանեցյանը նշել է, որ այն եղել է զուտ իրավաբանական քննարկում: Սասուն Խաչատրյանը դա որակել է իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում