Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Երաժշտության նկատմամբ սերն օրեցօր մեծանում է. Մերի Խոջայանի «Նորամուտը»  


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ նա բացում է իր ջութակի տուփը, առաջինը, որ նկատում ես, երկու մարդկանց դիմապատկերներն են՝ երաժշտի սիրելի ուսուցիչներ Էդուարդ Թադևոսյանի և Բորիս Բելկինի լուսանկարները: Բազում միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարուհի Մերի Խոջայանը փաստում է՝ երկուսն էլ կարևոր դեր են ունեցել իր կայացման գործում: «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի հերոսը հիմնականում բնակվում է Նիդերլանդներում, այնտեղ ունի իր սեփական երաժշտական ինստիտուտը: Հայաստանում սեպտեմբերի 13-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդես է գալու «Հայ-ճապոնական երաժշտության երեկո» խորագրով համերգին ընկերների՝ սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանի և դաշնակահար Անահիտ Դիլբարյանի հետ: Ներկայացնում ենք Մերի Խոջայանի «Նորամուտ»-ը:

Ջութակ նվագելուց մինչև սեփական ինստիտուտի ստեղծումը

Ինչ-որ յուրահատուկ պատմություն չկա այն մասին, թե ինչպես սկսեցի ջութակ նվագել: Սակայն պետք է նշեմ, որ ջութակի և երաժշտության հանդեպ սերս օրեցօր մեծանում է: 6 տարեկանում սկսեցի ջութակ նվագել, 7 տարեկանում սկսեցի հաճախել երաժշտական դպրոց: 2007 թ. ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, իսկ 2010-2015 թթ. Մաաստրիխտի (Նիդերլանդներ) երաժշտական ակադեմիայում եմ սովորել:

Նիդերլանդներ էի մեկնել կատարելագործվելու, շատ երիտասարդ էի՝ 19 տարեկան: Իհարկե, սկզբում դժվարություններ կային, բայց ինձ թվում է, ես ամեն ինչ հեշտ հաղթահարեցի:

Նիդերլանդներում ունեմ Ջութակի և դաշնամուրի ինստիտուտ (Violin and Piano Institute), որն ունի երեք բաժին՝ գիտահետազոտական, կատարողական և ուսումնական:

2015 թվականից սկսած նվագում եմ կամերային երաժշտություն, հիմնականում՝ զուգանվագներ եմ կատարում ջութակի և դաշնամուրի համար: Ես և դաշնակահարս՝ Ռոբերտ Պորտինգան, որոշեցինք բացել ինստիտուտ: Մի շաբաթ առաջ ենք վերադարձել Իսպանիայից, այնտեղ վավերագրական ֆիլմ ենք նկարել Պաբլո դե Սարասատեի մասին: Սարասատեին վերաբերող տեղեկությունները շատ քիչ են, մենք ուսումնասիրություններ կատարեցինք, այցելեցինք տարբեր վայրեր: Ինստիտուտում ունեմ նաև աշակերտներ՝ հիմնականում արտասահմանցիներ: Հայեր դեռ չկան:

Ուսուցիչների մասին

Էդուարդ Թադևոսյանն իմ կյանքում շատ կարևոր դեր է ունեցել: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր մոտ մանկուց սովորել: Իսկ Բորիս Բելկինի մոտ 5 տարի եմ սովորել, նա ևս շատ կարևոր դեր է խաղացել իմ կյանքում: Վերջերս իմացա, որ Հայաստանում համերգ է ունենալու, բայց, ցավոք, այդ ժամանակահատվածում այստեղ չեմ լինի:

Մրցութային հաղթարշավը

Դեռ մանկուց մասնակցել եմ բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների, եղել են հաջողություններ, բայց այլևս չեմ մասնակցում մրցույթների: Կարծում եմ, որ այդ փուլն արդեն անցել է, քանի որ հիմա փորձում եմ ինքս ինձ վերագտնել երաժշտության մեջ ու փորձել իմ խոսքը ասել:

Արժանացել եմ ՀՀ նախագահի մրցանակին դասական երաժշտություն անվանակարգում (2008 թ.): Մասնակցել եմ նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, արժանացել երկրորդ մրցանակի (առաջին մրցանակ ոչ ոքի չի շնորհվել), հաղթել եմ մի շարք այլ մրցույթներում:

Մասնակցությունը վարպետության դասընթացներին

Ինձ թվում է՝ շատ կարևոր է, որ երաժիշտը մասնակցի վարպետության դասերի: Հայաստանից մի փոքր դժվար էր գնալ տարբեր երկրներ, որովհետև միշտ խնդիր էր առաջանում վիզաների և ավիատոմսերի հարցում, բայց Նիդերլանդների պարագայում ամեն ինչ ավելի հարմար է, կարող ես գնացքով ճամփորդելով կարճ ժամանակում այլ երկրում հայտնվել: Շատ հանրահայտ երաժիշտների վարպետության դասընթացներին եմ մասնակցել, բայց կուզենայի առանձնացնել դաշնակահար, դիրիժոր Ժակ Օխխին: Վերջինս փորձում է ստեղծագործությունը կատարելիս որքան հնարավոր է մոտ լինել կոմպոզիտորի գաղափարներին, բայց միևնույն ժամանակ խորհուրդ է տալիս անել այն, ինչ զգում է երաժիշտը: Այժմ սովորում եմ նաև դաշնակահար Էնրիկո Պաչեի մոտ, նա մասնագիտացված է կամերային զուգանվագների կատարման գործում:

Սիրելի կոմպոզիտորները

Սիրելի կոմպոզիտորները բազմաթիվ են, ամեն դարաշրջանից մի քանիսը շատ հոգեհարազատ են: Բայց, երևի, ամենասիրելի կոմպոզիտորները նրանք են, ում գործերը ես այս պահին նվագում եմ կամ նվագելու եմ մի երկու ամիս հետո: Տելեմանից սկսած մինչև ժամանակակից երաժշտություն. ամեն ինչ սիրում եմ, չեմ կարող որևէ մեկին առանձնացնել:

Մասնագիտական գրականություն կարդալու կարևորությունը

Երբեք չի եղել, որ մտածեմ, թե չեմ ուզում այլևս նվագել: Շատ կարևոր է կարիերա անելը, շատ կարևոր է համերգներ ունենալը, սեփական հաղորդագրությունը հանդիսատեսին հասցնելը, բայց մյուս կողմից՝ այս ամենը չէ, որ պետք է լինի երաժշտի համար թիվ մեկ խնդիրը:

Առաջին հերթին երաժիշտը պետք է լինի այնքան մոտ կոմպոզիտորին, որ կարողանա ստեղծագործությունը կատարելիս ներկայացնել լավագույնը իր հնարավորությունների սահմանում: Դա շատ մեծ և դժվար աշխատանք է:

Երաժիշտը պետք է նաև շատ կարդա: Մեր օրերում շատ լավ երաժշտական գրականություն կա, որը շատ հասանելի է, պետք է զարգանալ:

Համագործակցություն ժամանակակից կոմպոզիտորների հետ

Շատ ակտիվ համագործակցում եմ ժամանակակից կոմպոզիտորների հետ: 2015 թ. ջութակի և դաշնամուրի սոնատ նվեր ստացանք դաշնակահարիս՝ Ռոբերտ Պորտինգայի հետ, Նիդերլանդների ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը՝ Վիմ Ցվախը գրել էր հատուկ մեզ համար: Նա ևս մեկ այլ ստեղծագործություն է մեզ նվիրելու, որը հիմա գրում է, պետք է դա էլ անպայման կատարենք:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի




Այս թեմայով

... վերջին լուր "«Նորամուտ»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ