Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Մեր նպատակն է աշխատակազմը համալրել լավագույն մասնագետներով. Էմիլ Տարասյան


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմն ամիսներ առաջ հայտարարություն էր  տարածել թափուր հաստիքների համալրման մասին: Դրանից հետո պարզ դարձավ, որ 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից  աննախադեպ քանակությամբ՝ շուրջ 7000  հայտ է ստացվել: Աշխատակազմում առկա թափուր հաստիքների համալրման գործընթացի մասին «Արմենպրես»-ն այսօր զրուցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էմիլ Տարասյանի հետ:

-Պարոն Տարասյան, այս պահին ի՞նչ փուլում է թափուր աշխատատեղերի համալրման գործընթացը:

- Հանրապետության նախագահի աշխատակազմը  հավատարիմ  մնալով  իր որդեգրած՝ մասնագիտական բարձր որակ ապահովող, թափանցիկ և հրապարակային աշխատելաոճին, կադրային  համալրման գործընթացը  նույնպես պետք է իրականացներ նշված սկզբունքի համաձայն: Արդյունքում աշխատակազմը հրապարակային հայտարարություն էր տարածել թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրերով համալրելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով աշխատակազմը համալրել լավագույն մասնագետներով:

Օրենսդրությունը հնարավորություն էր տալիս առանց որևէ հայտարարության և մրցույթի աշխատակիցներ ներգրավել պայմանագրային հիմունքներով: Բայց մեր  խնդիրը արհեստավարժ աշխատակազմ ունենալն էր, ուստի որոշվեց   հրապարակային հայտարարության միջոցով  ընտրել  այն լավագույն կադրերին, ովքեր հետաքրքրված են աշխատել Հանրապետության նախագահի աշխատակազմում:

-Կխնդրեի մանրամասնել, թե ում կողմից,  ի՞նչ սկզբունքով եւ եղանակով են ընտրվելու այդ 23 աշխատակիցները:

Գիտեք, որ 23 թափուր հաստիքի  համալրման հրապարակային հայտարարությունից հետո ստացվեց շուրջ 7000  դիմում: Դիմումների այդ քանակը, պետք է խոստովանեմ, մարտահրավեր էր, մասնավորապես այն առումով, որ աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի  միայն 2 հաստիք է համալրված, հետևաբար սեփական ուժերով այդքան դիմողներից հստակ ընտրություն կատարելն անհնար էր:  Մենք գնացինք լուծման այլ՝  նախադեպը չունեցող ճանապարհով և ստեղծեցինք փորձագիտական խումբ: Ներգրավեցինք ներկայացուցիչներ  մասնագիտական կազմակերպություններից, որոնք ունեին համապատասխան փորձառություն:  Փորձագիտական խումբն աշխատում է ըստ մեր կողմից սահմանված ժամանակացույցի, մի քանի փուլերով կատարում է մասնագետների ընտրություն՝ հաշվի առնելով օրենքով տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներն ու հմտությունները: Գործընթացի  ավարտին յուրաքանչյուր պաշտոնի համար  մեզ կներկայացվի լավագույն թեկնածուների կարճ ցուցակ: Այդ ցուցակից արդեն մեկի ընտրությունը կկատարի նախագահի աշխատակազմը:

-Ներկայումս ի՞նչ փուլում է գործընթացը, եւ երբ է նախատեսվում ավարտին հասցնել:

Արդեն ավարտվել են ՀՀ նախագահի աշխատակազմի Նախագահական նախաձեռնությունների վարչության թափուր հաստիքների ընտրական փուլը. այստեղ կան և վարչության պետի, և բաժինների պետերի, և գլխավոր, առաջատար ու առաջին կարգի մասնագետների  թափուր հաստիքներ: Կարճ ցուցակներն արդեն ունենք և հիմա՝  նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք հարցազրույցներ պետք է վարեն այդ դիմորդների հետ:  Ընտրությունը կկատարենք, այնուհետև ժամկետային աշխատանքային պայմանագրով մարդկանց կներգրավենք աշխատանքի: Պետք է նշեմ, որ այդ պաշտոնների նշանակումը վերջնական չէ. այն անձինք, ովքեր չեն հաղթահարել ինչ-որ փուլեր և գտնում են, որ իրենք արժանի են այդ պաշտոնին, նույնպես հնարավորություն ունեն մասնակցել վերջնական մրցույթին այնպես,  ինչպես ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող անձը: 

Ինչպես արդեն նշեցի, աշխատակազմը հաստատել է ժամանակացույցը, եւ ըստ դրա  նախատեսում ենք նոյեմբերի կեսերին ամբողջությամբ ավարտել գործընթացը:

-Յոթ հազարից ընտրելու եք ընդամենը 23-ին: Մտավախություն չունե՞ք, որ մյուսները դժգոհ են մնալու:

-Այդ իսկ պատճառով մեզ համար ամենակարևորը սկզբունքի ամրագրումն էր: Որպեսզի այս գործընթացը լինի առավելագույնս  բաց, յուրաքանչյուր դիմորդ հստակ հասկանա և ընկալի, թե ինչու չի ընտրվել, նրանք ունեն բողոքարկելու իրավունք, ընդ որում՝  թե մեզ, թե փորձագիտական խմբին: Նրանց մանրակրկիտ բացատրվում են իրենց չընտրվելու հիմնավորումները: Ժամանակացույցը երկու շաբաթով հետ ընկավ, մենք ժամկետ խախտեցինք՝ պայմանավորված դիմորդների արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանում չգտնվելու հանգամանքով: Որպեսզի մենք չխախտենք նրանց մասնակցության իրավունքը, շարունակեցինք հարցազրույցի փուլերն այնքան, մինչև նրանք Հայաստան կվերադառնան և մասնակցեն ընտրության փուլին: Աշխատանքի ընթացքում դժվարություններ կային նաև պայմանավորված այն հանգամանքով, որ դիմորդները իրենց հայտերի մեջ հստակ չէին նշել, թե որ պաշտոնին են հավակնում: 3000-ից ավելի դիմումներում նշված չէին հստակ պաշտոնները,  բայց այդ անձանց նույնպես ընդգրկել ենք, ինչն  ավելացրեց մեր աշխատանքի ծավալը: Փորձագիտական խումբը ուսումնասիրում է, թե նրանք ըստ իրենց աշխատանքային ստաժի որ պաշտոնին կարող են հավակնել: Այնուամենայնիվ, մեր վերջնաժամկետը կմնա ուժի մեջ, և մենք նոյեմբերի կեսերին ամբողջ փուլը կավարտենք: Նշանակումները կարվեն զուգահեռաբար: Այսինքն,  նախնական ընտրության փուլն ավարտելուց հետո հարցազրույցներն արդեն տեղի կունենան նախագահի աշխատակազմում, իսկ դրան զուգահեռ  տեղի կունենա ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը:

-Ի՞նչ ժամկետով են կնքվելու ժամկետային աշխատանքային պայմանագրերը:

-Այդ պայմանագրերն ուժի մեջ կլինեն մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող  մրցույթի արդյունքներով հաղթողի ճանաչվելը:  Գիտեք, որ հանրային ծառայության համակարգը վերափոխվեց այս տարի՝ պայմանավորված ինչպես Սահմանադրության փոփոխությամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ ընդհանուր համակարգի վերափոխման անհրաժեշտություն կար: Դրա համար, որպեսզի մենք չդանդաղեցնենք համալրման գործընթացը, որպեսզի մեր աշխատանքները չտուժեն և արդյունավետությունը չընկնի, որոշեցինք ներգրավել աշխատակիցների ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ մինչև մրցութային ընթացակարգերը հստակ կլինեն: Երբ կհստակեցվեն կարգերը, արդեն կսկսենք մրցույթների փուլերը: Բոլոր տեղերում անցկացվելու են ապակենտրոնացված մրցույթներ՝ ըստ սահմանված կարգի:

-«Հանրային ծառայության մասին» նոր օրենքով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:  Արդյոք նախկինի համեմատ ընթացակարգերն ավելի պարզեցվե՞լ են:

-Տեղի է  ունեցել քաղծառայության համակարգի սկզբունքի փոփոխություն: Նախկինում ավելի կենտրոնացված, կուռ համակարգ էր, որտեղ կենտրոնացված եղանակով կատարվում էին համալրումները, վերապատրաստման ծրագրեր էին իրականացվում, և այդ ամենը գտնվում էր քաղծառայության խորհրդի համակարգման և ղեկավարման ներքո: Փոփոխությունը հետևյալն էր՝ ապակենտրոնացվեց քաղծառայության համակարգը: Ես կասեի, որ դա բնականոն գործընթաց է, որովհետև ֆունկցիաների ապակենտրոնացման հասարակական պահանջը կար:  Սակայն որոշակի ընդհանուր սկզբունքներ պետք է գործեն միասնական բոլոր պետական գերատեսչությունների համար: Այսօր քաղաքացիական ծառայության համակարգը իրավական ակտերով հենց հիմնական սկզբունքներն է սահմանում:

Ի դեպ, պետք է գոհունակությամբ  նշեմ, որ հրապարակային մրցույթներ անցկացնելու  սկզբունքը, որը կիրառեցինք, արդեն ամրագրվել է իրավական ակտերում: Այսինքն` նույն ժամկետային աշխատանքային պայմանագրերով անձանց ներգրավելու դեպքում հրապարակային մրցույթի գաղափարը չկար, հիմա արդեն հայտարարությունը պաշտոնական կայքում տեղադրելու սկզբունքը դարձել է իրավական նորմ: Եվ յուրաքանչյուր պետական մարմին ինքն է  պատասխանատու իր կադրերի որակի,  համալրման գործընթացի օբյեկտիվության և հետագայում արդեն՝ հետևողական կատարելագործման համար: 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ