Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Երևանում անցկացվեց հայ-ամերիկյան  առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված համաժողով


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը` հայկական ID բանկի հետ համատեղ կազմակերպեցին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:

«Գիտեմ, որ այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ: Հուսով եմ՝ ԱՄՆ դեսպանատունը կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան ընկերությունների միջև կապերի ձևավորման համար, ապա՝ մենք հետ կքաշվենք, և դուք արդեն կանեք այն ինչ, ձեզ մոտ լավ է ստացվում և կզարգացնենք ձեր բիզնեսը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` ԱՄՆ-ի դեսպանատան ակտիվ նախաձեռնությունը վկայում է  այն մասին, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում կան լայն հնարավորություններ, և դա պետք առավել արդյունավետ օգտագործել. «Ցանկանում եմ, որ այս համաժողովը լինի արդյունավետ և նպատակային, որովհետև մենք կարիք ունենք ոչ միայն երկխոսության, այլ նաև համագործակցության, հնարավորությունների ընդլայնման, ինչու չէ՝ նաև ակնկալիքների»:

Նրա խոսքով` նախարարությունը մի շարք նոր նախաձեռնություններ է սկսել, որոնք շատ ավելի կընդլայնվեն և կմեծացնեն  ներդրողների հնարավորությունները:

Ըստ կազմակերպիչների՝ ֆրենչայզինգի համաժողովը մեկ հարկի տակ հավաքեց հայ և ամերիկացի գործարարներին`  օգնելով ձևավորել նոր գործընկերություններ հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում: Երեք ամերիկյան կորպորացիաների` Papa John’s Pizza-ի,  Baskin Robbins-ի և Domino`s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարարներ և պետական պաշտոնյաներ: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրին ֆրենչայզինգի իրենց հայեցակարգը և ծանոթացան հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին:

Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ, եղան նաև ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից` բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենսչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության    մասին:

Համաժողովը հայ-ամերիկյան  առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն է, որը մասնակիցներին տվել է եզակի ու արժեքավոր հնարավորություն՝ հնարավորինս վաղ իմանալ ամերիկյան բրենդների մասին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայում իրենց ներկայության հաստատմամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ