Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Իրանցիների՝ Վրաստան արտագաղթելու շարժառիթները


ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015թ. Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Վրաստանն Իրանի հետ տնտեսական ակտիվության, համագործակցության ոլորտների բազմազանության առումով ներկայում շահեկան դիրքում է գտնվում: Եթե Հայաստանի և Ադրբեջանի դեպքում Իրանի տնտեսական համագործակցությունը հիմնականում զարգանում է պետական կազմակերպությունների մասնակցությամբ, ապա Վրաստանի դեպքում հիմնականում երկկողմ տնտեսական կապերը խորանում են Իրանի մասնավոր հատվածի միջոցով: 2017թ. Իրանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 157 մլն. ԱՄՆ դոլար:

Իրանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի աշխուժացմանը հատկապես նպաստել է 2011թ. երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը: Այդ հանգամանքով պայմանավորված՝ ընդամենը երկու տարվա ընթացքում Վրաստանում գրանցված իրանական ընկերությունների թիվը զգալիորեն ավելացել է՝ 2013թ. հասնելով 1500-ի: Սակայն Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացումից հետո 2013թ. հուլիսի 1-ից Վրաստանն ԻԻՀ քաղաքացիների համար միակողմանիորեն վերականգնեց վիզային ռեժիմը: Այդ ժամանակ պաշտոնական Թբիլիսին իր այդ քայլը բացատրել էր նրանով, թե Վրաստանի կառավարությունն անհանգստություն է ունեցել, որ Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման պարագայում Իրանը կարող է, Վրաստանի ֆինանսական համակարգն օգտագործելով, շրջանցել տնտեսական պատժամիջոցները:

Միջուկային համաձայնությունից հետո Վրաստանը վիզային ռեժիմի հարցում վերանայել է իր որոշումը՝ 2016թ. փետրվարի 15-ից Իրանի քաղաքացիների համար կրկին չեղյալ հայտարարելով վիզային ռեժիմը:

Եթե 2016թ. Վրաստան է այցելել 91 հազար իրանցի զբոսաշրջիկ, ապա 2017թ. նրանց թիվը հասել է 350 հազարի: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ այս տարի Վրաստան մեկնող իրանցիների թիվը կհասնի շուրջ 1 միլիոնի:

Սակայն ուշագրավ է, որ վերջին տարիներին Վրաստանն իրանցիներին գրավում է ոչ միայն զբոսաշրջության տեսանկյունից, այլև բազմաթիվ իրանցիներ բնակարաններ են գնում Վրաստանում՝ մշտական բնակություն հաստատելով այդ երկրում:

Վրաստան արտագաղթելու շարժառիթն առաջին հերթին պայմանավորված է Վրաստան-Եվրամիություն հարաբերություններով: Թեև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում հայտարարեց, որ մոտ ապագայում Վրաստանը չի կարող անդամակցել Եվրամիությանը, սակայն իրանցիների շրջանում առկա է այն համոզմունքը, թե Վրաստանը 2020թ. կանդամակցի ԵՄ-ին:

Ըստ վրացական օրենքների՝ նվազագույնը 35 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան գնելու դեպքում տրվում է կեցության իրավունք (1 տարի ժամկետով), այնուհետև մի քանի անգամ երկարացնելուց հետո 6 տարի անց մշտական բնակության իրավունք է տրվում: Վրաստանում բնակություն հաստատող իրանցիները հույս ունեն, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուց հետո հնարավորություն կունենան ազատ տեղաշարժվել Եվրոպայում: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ վերջին տարիներին բազմաթիվ իրանցիներ բնակարաններ են գնել Վրաստանում:

Իրանցիների՝ Վրաստանում բնակարաններ գնելու գործընթացը տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է իրանական մամուլում: Հարցի առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները, որոնք կառավարությանը կոչ են անում իրանական կապիտալի արտահոսքը կանխելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Իրանական կողմին մտահոգում է մեկ այլ հանգամանք ևս. Իրանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցների խստացման դեպքում Վրաստանն ի՞նչ դիրքորոշ կորդեգրի: Ի դեպ, ս.թ. մայիսին վրացական որոշ բանկեր Վրաստանում բնակվող իրանցիների բանկային հաշիվները սառեցրել էին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերականգնելու առնչությամբ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշմանը, եթե մինչև միջուկային համաձայնությունը վրացական կողմն Իրանի հետ համագործակցելիս հաշվի էր առնում Վաշինգթոնի շահերը, ապա ներկայում Թբիլիսին շարունակում է Իրանի հետ խորացնել տնտեսական համագործակցությունը, սակայն իր հետագա քայլերը պայմանավորելով Եվրամիության դիրքորոշմամբ:

Այդ առնչությամբ օրերս հստակ հայտարարել է նաև Իրանում Վրաստանի դեսպան Իոսեբ Չախվաշվիլին՝ ընդգծելով՝ «Առաջիկա ամիսների ընթացքում պարզ կլինի, թե Իրանի և Վրաստանի տնտեսական համագործակցությունն ինչ հեռանկար կունենա, եթե Եվրոպան շարունակեց համագործակցությունը, Վրաստանն էլ կշարունակի»: 

Արմեն Իսրայելյան, իրանագետ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ