1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելման կետ». տասնամյակի տնտեսական աճի պատկերի համաձայն՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է բնակչության կրճատման հաշվին

«Ելման կետ». տասնամյակի տնտեսական աճի պատկերի համաձայն՝ մեկ շնչին 
բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է բնակչության կրճատման հաշվին
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ, ինչպես նաև նախկին իշխանության թողած ժառանգությունն ամփոփելու և գործող իշխանության գործունեության մեկնարկային պայմանների ուսումնասիրության համար որպես «Ելման կետ» դիտարկենք ՀՀ համախառն ներքին արդյունքի և ներդրումների միտումները նախորդ տասնամյակում: 

Վերջին տասնամյակում Հայաստանին այդպես էլ չի հաջողվել գերազանցել կամ գոնե վերականգնել 2008թ-ին գրանցված Համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի մակարդակը: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ ընթացիկ գներով հաշվարկված Հայաստանի ՀՆԱ-ն 2008թ-ին կազմել է 11,66 մլրդ դոլար, և դրան հաջորդած 9 տարիների ընթացքում Հայաստանի որևէ կառավարության ոչ մի կերպ չի հաջողվել 2008թ-ի ցուցանիշները գերազանցող զարգացում ապահովել: 

2009 թվականը խորհրդանշվել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված անկման փուլով: Հետճգնաժամային 2009-ից սկսած մինչև 2015թ-ը ՀՆԱ-ն որոշակի աճ է դրսևորել՝ 2014թ-ին հասնելով 11 մլրդ 610 մլն ԱՄՆ դոլարի: 2015թ-ից սկսած գրանցվել է ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի զգալի նվազում: Թեև 2017թ-ին նկատվել է տնտեսական իրավիճակի բարելավում, այնուհանդերձ պետք է փաստենք, որ 9 տարիների ընթացքում նախաճգնաժամային 2008թ.-ի ՀՆԱ-ի մակարդակը դեռևս չի վերականգնվել: 

Միջազգային կառույցների գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունն այս «բաղձալի շեմը» կհաղթահարի 2018թ-ին, ինչն էլ պայմանավորված կլինի Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում դրական սպասումների ավելացմամբ և տնտեսական ակտիվության որոշակի աշխուժացմամբ: 

Հատկանշական է, որ ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2008-2017թթ-ի ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ավելացել է 2,3%-ով: Ստացվում է մի իրավիճակ, որ իրական ՀՆԱ-ն ժամանակի ընթացքում այդպես էլ չի ավելացել, սակայն մեկ շնչի հաշվով այն աճ է գրանցել: Սրա պատճառն այն է, որ իրականում տեղի է ունեցել Հայաստանի մշտական բնակչության նվազում (10 տարվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ), ինչի հաշվին էլ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճ է գրանցել: 

Թվային այս ժառանգության բացասական հետևանքներից մեկն էլ եղավ այն, որ վերջերս ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, թե Հայաստանն այլևս չի կարող օգտվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից, քանի որ մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտով գերազանցում է ծրագրի մասնակից դառնալու համար նախատեսվող շեմը:

 Տնտեսության զարգացման գործում հսկայական դեր ունի ներդրումային գրավիչ միջավայրը: 2001-2008թթ. ներդրումների ներգրավման տեսանկյունից բավական բարեհաջող ժամանակահատված է եղել Հայաստանի համար. ՕՈՒՆ-ի ծավալն այդ տարիներին ավելացել է գրեթե 14 անգամ՝ 2008թ.-ին հատելով տարեկան 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը: Այդուամենայնիվ, ներդրումների այս հոսքը երկար չի տևել. 2009-2010թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումների անկում, իսկ 2013թ.-ից անկումը տարեցտարի խորացել է: 

2008թ. հետո մինչև այժմ չի վերականգնվել նաև մինչճգնաժամային ներդրումների մակարդակը: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2008-2013թթ. իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը նվազել են 52,5%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 72,9%-ով: 2014թ. ԱՎԿ-ի կողմից ներդրումների հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունից հետո դժվար է գնահատել 2013-2014թթ. ներդրումների շարժը: 2014-2015թթ. օտարերկրյա ներդրումների անկումը կազմել է 35,7%: Համաշխարհային բանկի տրամադրած վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. ի վեր տարեկան կտրվածքով աճել են միայն 2011 և 2014թթ.-ին, ամենամեծ անկումը գրանցվել է 2015թ-ին` 55.87%: 

2017թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 245.7 մլն դոլար, ինչը 2008թ.-ի համապատասխան ցուցանիշից պակաս է գրեթե 4 անգամ: 2017 թվականին իրական հատվածում կատարած օտարերկրյա ուղղակի ներդրումներից զուտ հոսքերը կազմել են 225.7 մլն դոլար` 614.22 մլն դոլարով պակաս, քան 2008թ-ին: Ինչ վերաբերում է ներդրումների աշխարհագրական կառուցվածքին, ապա դրանց գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Եթե դիտարկում ենք իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների հոսքերն ու պաշարներն ըստ երկրների, ապա 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ մյուս խոշորագույն ներդրողներն են Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը և այլն: 

ՀՀ-ում Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ըստ տնտեսության հատվածների, ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը  2008-2017թթ.-ին 

Իրավիճակն արտացոլող կարևորագույն ցուցանիշներից է ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին: Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության աճի միտումների դանդաղմանը զուգընթաց նվազել է նաև ներդրումների կշիռը ՀՆԱ-ում:  2008թ.-ին ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 41%, այդ թվում՝ ՕՈՒՆ-ը՝ 8,1%: 2017թ.-ին ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 2.1%-ի, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի աճը եղել է բավական համեստ: Համեմատության համար, նշենք, որ հարևան Վրաստանում այս ցուցանիշը 2008թ.-ին կազմել է 12.4%, իսկ 2017 թվականին՝ 11.9%: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերջին տասնամյակում օտարերկրյա ներդրումներն ունեցել են ակնհայտ նվազման միտում և դրանք 2018թ-ի սկզբի դրությամբ գտնվում են նվազագույն մակարդակի վրա: Միևնույն ժամանակ վերջին տասնամյակում դեռևս չի գրանցվել 2008թ-ի ցուցանիշը գերազանցող տնտեսական աճ: 2018թ-ի ակնկալվող ցուցանիշներն այս առումով ուղենշային են լինելու և ցույց են տալու այն իրական պոտենցիալը, որը չի իրացվել նախորդ տարիների ընթացքում:

 

Մերի Հովսեփյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]