Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր զգուշացվել են


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և հավելեց, որ հանձնարարություն էր տրվել առաջին հերթին ուսումնասիրել շահագործման ենթակա մետաղական հանքավայրերի վիճակը` արդյոք կատարո՞ւմ են իրեն ստանձնած պայմանագրային պարտավորությունները, արդյոք գործո՞ւմ են օրենքի շրջանակում և արդյոք իրենց գործունեությունը թափանցիկ է:

Գրիգորյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունում կան 27 մետաղական հանքավայրերի շահագործման վերաբերյալ տրված լիցենզիաներ, որից 10-ում հայտնաբերվել են թերություններ:

«Մեր աշխատանքների ընթացքում 27 մետաղական հանքավայրերից 10-ին արվել են զգուշացումներ, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շահագործումը իրականացվում է օրենքով սահմանված չափանիշներից դուրս: Իսկ ոչ մետաղական հանքավայրերի առումով մոտավորապես 146  հանքավայրի նույնպես արվել են զգուշացումներ»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նախարարի` զգուշացումով հնարավորություն են տալիս ընդերք օգտագործող ընկերությանը 90 օրվա ընթացքում վերացնելու բոլոր ի հայտ եկած թերությունները և պետության հանդեպ չկատարված պարտավորությունները:

«Եթե 90 օրվա ընթացքում չվերացնեն թերությունները, ապա նրանք կզրկվեն լիցենզիայից»,- ընդգծեց Գրիգորյանը՝  հավելելով, որ նմանատիպ աշխատաոճը լինելու է շարունակական:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ