Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը


ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տնտեսության լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում: «Խոսքը վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին:  Հայաստանում այդպիսի ներդրումային հետաքրքրություններ արդեն իսկ կան: Մենք ցանկանում ենք, որ այդ ներդրումներն ակտիվանան: Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ակտիվություն կա: Օրինակ` ես այսօր  եղա Ջրվեժում գտնվող  «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, որտեղ ականատես եղա, թե ինչ արտադրանք կա և կառավարության խնդիրն է խթանել այդ արտադրանքը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հետաքրքրություն կա Հայաստանում արևային էներգիայի պանելների արտադրանք սկսելու համար՝ շեշտելով, որ սա ևս շատ կարևոր է, քանի որ արևային էներգետիկան էներգետիկ ոլորտի ամենահզոր ճյուղերից մեկն է լինելու: «Ես տեղյակ եմ, որ հետաքրքրություն կա նաև Հայաստանում հեռուստացույցի և կենցաղային այլ տեխնիկայի արտադրություն սկսելու և այսպես շարունակ: Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, ինչը իր հերթին նախադրյալներ կսկսի ռազմարդյունաբերության զարգացման համար»,- մանրամասնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ենթադրում է նաև բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս շատ կարևոր է:  

Հայաստանի տնտեսության զարգացման համար վարչապետը կարևոր է համարում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նա շեշտեց, որ հիմա աշխարհում շատ արագ զարգանում են բիոտեխնոլոգիաները՝ ընդգծելով, որ մեր շատ հայրենակիցներ տարբեր երկրներում գործունեություն են ծավալում բիոտեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կոչ է անում մեր հայրենակիցներին իրենց ընկերությունների դուստր ձեռնարկություններ բացել Հայաստանում:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ