Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում նշել են Շինարարների մասնագիտական տոնը

Հայաստանում նշել են Շինարարների մասնագիտական տոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր նշվել է Շինարարի մասնագիտական տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, շինարարներ:

«Հայ շինարար-վարպետների միտքը պատմության ընթացքում կերտել է զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կենսական նշանակության կամուրջներ, ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, տնտեսական առաջխաղացումը, հոգևոր զարգացումը: Եվ այժմ դուք եք արժանավոր հետևորդները ձեր ուսուցիչների»,- Շինարարի օրվան նվիրված միջոցառմանն իր ողջույնի խոսքն այսպես է սկսել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ շինարարությունն ամեն ինչից զատ՝ քաղաքային ապրելակեպի, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ է:

Իհարկե, շուկան և պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ, որոնք երբեմն հակոտնյա են հանրության շահերին, սակայն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ հենց այստեղ է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն պետք է վճռականորեն հանդես գա որպես հանրության ներկայացուցիչ և ի կատար ածի մշակութային և մտքի հեղափոխության իր առաքելությունը:

«Հայերի շինարարական արվեստը դարեր ի վեր գտնվել է քաղաքակրթությունների ուշադրության կենտրոնում, իսկ շատ դեպքերում անմիջականորեն ազդել նրանց վրա և ուղղորդել նրանց զարգացումը: Ժամանակի պահանջը միշտ թելադրել է կառուցել շինություններ, որոնք անհրաժեշտ են եղել ազգի պահպանման և գոյատևման համար:

Այժմ, փոփոխված պայմաններից ելնելով, մենք պետք է նորովի մտածենք և վերագնահատենք թե ինչն է հատկապես անհրաժեշտ մեր ազգին»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը շնորհավորել է շինարարներին, փաստելով, որ դղյակներ և պալատներ կառուցելու ժամանակաշրջանին եկել է փոխարինելու՝ կրթական հաստատություններ, կանաչապատ գոտիներ կառուցելու անհրաժեշտությունը:

Բարեպաստ և կայուն զարգացող միջավայրը ոչ միայն լավ ցանկություն է, այլև առողջ սերնդի զարգացման կարևորագույն պայման՝ Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նոր դպրոցներ և համալսարաններ ունենալը ոչ միայն բարի, վերացական գաղափար է համարել, այլև վաղվա մրցունակ մասնագետների և երկրի մրցակցային առավելության գրավական:

Շինարարները կառուցելու իրավունքը վաստակում են կրթությամբ, դժվարին պայմաններում աշխատելով: Սակայն ցանկացած իրավունք անխուսափելիորեն բերում է պատասխանատվության, նշել է Կոմիտեի նախագահը, ինչն առաջին հերթին անվտանգ ու ապահով ֆիզիկական միջավայր ստեղծելն է: Դա սերունդների առջև պատասխանատվությունն է. չպետք է լինեն այնպիսի հետևանքներ, որոնք եղան դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Ավետիք Էլոյանը կարևորել է երեք դրույթ՝ իրավունք, պարտականություն և արտոնություն: Հենց արտոնության զգացմունքն է, որ կրթում է իսկական շինարարներին և զուգակցում ցանկացած ազգանվեր գործի: Պետք է կառուցել ոչ թե պարտավորության զգացմունքով թելադրված, այլ գնահատելով այն արտոնությունը, որ վստահվել է բոլորիս:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադառնալով բախտորոշ պահի կարևորությանը, երբ ազգի հետագա զարգացումն անմիջականորեն մեր ձեռքերում է՝ շինարարներին, ճարտարապետներին, քաղաքաշինարարներին և առհասարակ, յուրաքանչյուրին մաղթել է իր ոլորտում գիտակցել այդ արտոնությունը, որովհետև դա պետություն կառուցելու միակ ձևն է:

 

Հայաստանի շինարարների միության անունից շինարարներին ողջունել և շնորհավորել է Միության նախագահ Գագիկ Գալստյանը. «Ավելի քան քառորդ դար է, ինչ հայ շինարարը կառուցում է իր անկախ հայրենիքում, բարեկարգում քաղաքներն ու բնակավայրերը՝ իրականացնելով բնակելի, հասարակական, առողջապահական, այլ նշանակության կառուցներ»:

 

Գագիկ Գալստյանը շեշտել է, որ Հայաստանի շինարարների միություն այսօր ավելի քան պատրաստակամ է աջակցելու Քաղաքաշինության կոմիտեին ոլորտի առաջնային հիմնախնդիրների լուծման հարցում՝ քաղաքաշինական պետական նորմերի և շինարարության գնագոյացման շուկայական մեթոդաբանության մշակում, լիցենզիաների տրամադրում, որակյալ շինարար կադրեր պատրաստում և այլն:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, շնորհավորելով շինարարներին, կարևորել է մեզ շրջապատող միջավայրում հաշմանդամների համար տեղաշարժն ապահովող պայմաններ ստեղծելը, ինչը պետք է հաշվի առնել հատկապես նոր շենքեր կառուցելիս:

 

2002 թվականից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, մեր երկրում նշվող Շինարարի օրը գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ առիթ դառնալով ոչ միայն միմյանց շնորհավորելու, այլև ոլորտի երախտավորներին գնահատելու:

Շինարարի օրվա կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրամանով ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ոսկե մեդալով և շնորհակալագրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am