Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր նրա ծննդյան օրն է

Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր 
նրա ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտանիքի անդամները, թոռնիկները, զինակից և կուսակից ընկերներն այցելության էին գնացել Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի շիրմին` ծաղիկներ խոնարհելու, աղոթելու և խնկարկելու նրա հիշատակը:

«Այսօր, իսկապես, Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով: Այս դաշտը, որ ունենք այսօր, շատ է շեղվում իր բարոյական չափանիշներից, և Վահան Հովհաննիսյանի պես մարդն այսօր շատ պետք էր մեր կողքին»,-Yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացել է Վահան Հովհաննիսյանի կուսակից ընկեր Արտաշես Շահբազյանը:

«Այսօր մեր շրջապատում հաճախ ենք լսում այն արտահայտությունները, թե «Ափսոս` Վահանը հիմա չկա», «Այ, Վահանը հիմա ասելիք կունենար»: Մենք որքան հեռանում ենք իրենից ժամանակով, այնքան իր կերպարն ավելի է ամբողջանում` որպես գործիչ` իր ունեցած կարողությամբ և դերակատարությամբ: Իսկապես, մեր քաղաքական կյանքում ինքն ուներ իր տեղը, փնտրված էր և սպասված: Մարդիկ սպասում էին իր խոսքին, շատ կարևոր էր իր տեսակետը»,- նշել է Շահբազյանը:

Անդրադառնալով Վահան Հովհաննիսյան մտավորական կերպարին` Շահբազյանն ընդգծել է, որ նա, որպես քաղաքական գործիչ, ուներ մտավորականի «խորքը»` երևույթներին նայելու, լինելու շրջահայաց, չշտապելու ու ասված խոսքը կշռելու և ծանր խոսք ասելու. «Վահանը մեզ համար տարիների ընկեր էր, որ կենսագրություն էր ստեղծել, այն կերտել ամենադժվար ժամանակներում: Նա ամենապատասխանատու գործերի մեջ լինելով, ամենապատասխանատու գործեր ստանձնելով` նաև կարողացավ ճանաչելի և սիրելի դառնալ մեր ժողովրդի համար, որովհետև իր մեջ իսկապես տեսան մարդու, որը ոչ թե խոսքով է հայրենասեր, ոչ թե խոսքով և պաշտոնով է քաղաքական գործիչ, այլ` իր անցած ճանապարհով, որ սկսվում էր Արցախով և անցնում դժվարին ժամանակների միջով»:

Շահբազյանը պատմել է, որ Վահան Հովհաննիսյանն իր անձը շատ չէր կարևորում. «Նա հումորով էր նաև ինքն իր անձի հետ, ինչը մեծ մարդկանց հատկություն է: Վահանի մասին շատ բան կարելի է հիշել, օրինակ, թե ինչպես էր 90-ականների սկզբին հրապարակում պայքարում, Արցախում` պատերազմի տարիներին, հալածանքի տարիներին, բանտում, երբ դրոշ էր բարձրացնում և ճաղերի հետևից շատ սուր արտահայտություններ և գնահատումներ անում»:

Նա նաև անդրադարձավ Վահան Հովհաննիսյանի գրականությանը: «Վահանը շատ կարևոր ասելիքով, ուղերձ ունեցող գիրք գրեց: Դա ոչ միայն մեր, այլև` հայ ժողովրդի դերի և պատմական արժեքի մասին է, անցյալի և ապագայի»,- նշել է Շահբազյանը` խոսքը եզրափակելով.-«Այնպես որ, Վահանը բազմազան էր և բազմաշնորհ»:

Վահան Հովհաննիսյանի մասին խոսել է նաև նրա որդին՝ Հայկ Հովհաննիսյանը: «Հիանալի հայր էր: Նա կարողացավ տալ այն ամենն, ինչ հայրը պետք է տա իր որդուն` դաստիարակություն, կրթություն, արժեքներ»,- ասել է Հայկ Հովհաննիսյանը, ով հոր ծննդյան տարեդարձի առիթով այսօր ընտանիքի հետ նույնպես այցելել էր նրա շիրմին:

«Հորս գործունեությունն ու կյանքն այնպես է դասավորվել, որ ինքն իր ընտանիքի կյանքից շատ երկար ժամանակահատված բացակայել է: Երեք-չորս տարեկան էի, երբ Արցախյան շարժումն սկսվեց և այդ ժամանակներից սկսած` անընդհատ հորս բացակայությունը նկատել եմ, բայց, միաժամանակ, հասկանում էի, որ ինքն ինչ-որ կարևոր գործի, կարևոր առաքելության վրա է: Սկզբում Արցախյան շարժումն էր, հետո` քաղաքական կյանքը Հայաստանում, այնուհետև` 90-ականների կեսերին, այն ժամանակվա ռեժիմի կողմից նրա ձերբակալությունն էր, երեք տարի բանտում, հետո նորից վերադարձ քաղաքական ասպարեզ. միշտ այդ բացակայությունը եղել է, բայց, դրան զուգահեռ, այդ կարճ ժամանակահատվածները, որ մենք հաջողացրել ենք նրա հետ անցկացնել, նա կարողացել է ճիշտ արժեքներ և ճիշտ դաստիարակություն սերմանել իմ և իմ ընտանիքի մեջ»,-ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ, այնուամենայնիվ, երբեք չի ափսոսացել հոր բացակայությունների համար:

«Երբեք չեմ ասում` վա՜յ, ափսոսԻհարկե, ցավալի էր, որ երկար ժամանակ բացակայում էր, բայց այդ գիտակցությունը կար, որ ինքը կարևոր առաքելություն է իրականացնում»,- ընդգծել է Հայկը:

Հարցին, թե ի՞նչ գնահատականներ կտար Վահան Հովհաննիսյանը, եթե խոսեր այս օրերի մասին, Հայկը պատասխանել է. «Ես այսօր տարբեր տեղերից լսում եմ, որ նրա պակասը բավականին զգացվում է թե՛ կուսակցության մեջ, թե՛ Հայաստանի քաղաքական կյանքում: Հաճախ ընկերներս հարցնում են` «ի՞նչ կասեր Վահան Հովհաննիսյանն այսինչ իրադարձության կամ իրավիճակի մասին». իհարկե, դժվար է ասել, թե ինքն ինչ կասեր, բայց ես կարծում եմ՝ նրա գաղափարների հետ հաղորդակից լինելու մի լավ ճանապարհ կա, այն է` նրա թողած հոդվածները, մտավոր ժառանգությունը կարդալը: Մասնավորապես՝ նրա հոդվածաշարը, որ կոչվում է «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»: Հենց երեկ դա ընթերցեցի և այնպիսի զգացում էր, որ այսօրվա մասին է խոսում: Եվ վստահ եմ, որ այսօր հայաստանյան ներքաղաքական տարբեր բևեռների վրա գտնվող մարդիկ, նույնիսկ այդ բառը չվախենամ ասել` «բարիկադների» հակառակ կողմում գտնվող մարդիկ, իր գրածներից կարող են որոշակի արժեքավոր խորհուրդ քաղել: Կարծում եմ` այդպես կարելի է հասկանալ, թե ինքն ինչ կասեր, կամ ինչ կմտածեր: Այդ հոդվածները գրված են տարիներ առաջ, բայց, ասես, գրված են այսօրվա համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am