Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում թողարկվել է հայ հոգևոր երաժշտության նշանավոր գոհարներ պարունակող ձայնասկավառակ


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Կոնստանցա քաղաքում թողարկվել է սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը, որն ընդգրկում է Հայ հոգևոր երաժշտության նշանավոր գոհարներ` տաղեր, մեղեդիներ, հատվածներ սրբազան Պատարագից:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմի մալո դիվանից, ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի ջանքերով և Անահիտ Տավիտյանի մեծագույն աջակցությամբ:

Ձայնագրությունը կատարվել է Ռադիո Կոնստանցայի ստուդիայում: Ձայնասկավառակում ընդգրկված են հետևյալ ստեղծագործությունները` «Հաւուն Հաւուն» (Ս. Գրիգոր Նարեկացի), «Նոր ծաղիկ» (Ս. Ներսես Շնորհալի), «Ի գերեզման» (Դանիել Երաժշտի), «Ով Պարտիզպան»  (Զարեհ եպիսկոպոս), «Խնկի ծառին» (Ա. Բոբիկյան), «Տէր ողորմեա» (Խորեն Մեխանեջյանի), «Յորժամ» (Մակար Եկմալյան), «Սուրբ Սուրբ» (Մակար Եկմալյան), «Ամեն Հայր Սուրբ» (Մակար Եկմալյան), «Մայր եւ կոյս»  (Ա. Պարթևյանի), «Ուր ես Մայր Իմ» (Ա. Բոբիկյան):

Նվագակցում է Կոնստանցայի Օլեգ Դանովսկու անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի դաշնակահարուհի Անդրադա Շտեֆանը: Ձայնասկավառակը նախատեսված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր երաժշտությամբ, շարականներով, տաղերով ու Ս. Պատարագի երգեցողությամբ հետաքրքրվողների համար, նպատակ ունի նաև ռումին հասարակությանը ծանոթացնել Հայ եկեղեցական երգեցողությանը, նպաստել հայ հոգևոր երաժշտության տարածմանը:

Ռումինիայի հայոց թեմը խորին երախտագիտություն է  հայտնում Անահիտ Տավիտյանին, Ռադիո Կոնստանցայի ստեղծագործական խմբին, մասնավորապես Ստելիանա Բաժդեքիին, Ելենա Իոնեսկուին և Ֆլորին Ստրուիյալըին` աջակցության և համագործակցության համար:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ