Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է Մարտի 1-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասաց դեսպանը։

Ռիչարդ Միլսի խոսքով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։ «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկասծվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշեց Միլսը։

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ