Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Կվերադարձնի արդյոք StAR-ը Հայաստանից ապօրինի դուրս բերված մինչև 14 մլրդ դոլարը


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Stolen Asset Recovery Initiative-ը (StAR), որը փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է որպես Հայաստանից ապօրինի դուրս բերված ֆինանսական միջոցները վերականգնելու և վերադարձնելու գործիք, միջազգային պրակտիկայում կիրառման լայն փորձ ունի։ Մասնավորապես՝ վերջին 21 տարում այս գործիքի միջոցով Ֆիլիպինների իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 1 մլրդ դոլար, 2007թ-ի դրությամբ Պերուի իշխանություններին հաջողվել է մի շարք օֆշորային գոտիներից վերադարձնել 174 մլն դոլար,  Նիգերիան 700 մլն դոլար վերադարձրել է շվեյցարական բանկերից, որտեղ գաղտնի հաշիվներ էր բացել Նիգերիայի նախկին դիկտատոր Աբբա Աբաչայի որդին, և այլն։

Ի՞նչ կարող է StAR-ը տալ Հայաստանին։

Global Financial Integrity միջազգային կազմակերպության հաշվարկներով՝ 2004-2014 թվականների ընթացքում Հայաստանից ապօրինի ճանապարհներով դուրս են բերվել 4.5-10.5 միլիարդ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ GFI-ն այս ցուցանիշը հաշվարկել է՝ ելնելով միջազգային վճարային հաշվեկշիռներում ի հայտ եկած անհամապատասխանություններից և երկրների միջև արտաքին առևտրի ծավալի տարբերությունից: Եթե GFI մեթոդաբանությամբ շարունակենք մոտավոր հաշվարկը մինչև 2017թ., ապա կստացվի, որ 2004-2017 թվականների ընթացքում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել մոտավորապես 6-14 մլրդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2017թ-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 11.5 մլրդ դոլար։

Տրամաբանական է, որ եթե միջոցներն ապօրինի են դուրս բերվել և չեն արտացոլվել որևէ հաշվեկշռում, ապա այդ միջոցները խնդիրներ ունեն նաև ծագման աղբյուրների օրինականության հետ: Իսկ ոչ օրինական ծագում ունեցող փողերը կոռուպցիայի, փողերի լվացման և այլ արատավոր դրսևորումների հետևանք են, որոնց դեմ պայքարի հարցում գործող իշխանությունները, կարծես թե՝ վճռական են տրամադրված: Իհարկե՝ անհնար կլինի իրականացնել նման ծավալների ֆինանսական միջոցների ամբողջական վերադարձը, քանի որ դրանք կարող են շոշափել Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտների շահերը, ինչպես նաև՝ հնարավոր չլինի  բոլոր դեպքերի համար ամբողջությամբ ապահովել անհրաժեշտ փաստական հիմնավորումները: Սակայն Համաշխարհային բանկի և ՄԱԿ Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախաձեռնությամբ ստեղծված StAR գործիքի կիրառման մեթոդաբանությունը հուշում է, որ համապատասխան քաղաքական կամքի առկայության և ռեսուրսների հատկացման դեպքում կարելի է որոշակի դրական արդյունք ակնկալել:

StAR-ի մասնագետների կողմից այս նպատակով հրապարակվել է ծավալուն մեթոդաբանական ձեռնարկ, որտեղ ներկայացված է ողջ գործիքակազմը և ընթացակարգերը, որոնց միջոցով հնարավոր է հասնել ապօրինի ձեռքբերված ակտիվների վերադարձին: Ձեռնարկի համաձայն՝ ակտիվների վերադարձման գործընթացի առաջին ամենակարևոր քայլը մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց կողմից կոռուպցիոն ճանապարհներով ձեռքբերված ունեցվածքի վրա կալանք դնելու ռազմավարության մշակումն է: Ակտիվների վերադարձման ռազմավարությունը պետք է ներառի հետևյալ քայլերը.

  1. Փաստերի և ապացույցների հավաքում, ակտիվների հայտնաբերում (երկրի ներսում և դրանից դուրս՝ փոխադարձ իրավաբանական օգնության տրամադրման միջոցով)
  2. Ակտիվների պաշտպանում (երկրի ներսում և դրանից դուրս),
  3. Դատական գործընթաց (մեղավորության հաստատման, ակտիվների բռնագրավման, վնասի փոխհատուցման և այլ նպատակներով),
  4. Դատավճռի իրականացում,
  5. Ակտիվների վերադարձ:

360 էջից բաղկացած վերոհիշյալ ձեռնարկում մանրամասն ներկայացված են նշված քայլերի բոլոր նրբությունները, հնարավոր բարդությունները և խոչընդոտները, որոնք կարող են հանդիպել յորաքանչյուր փուլում: Ձեռնարկում ներկայացված են նաև համաշխարհային հիմնական ֆինանսական կենտրոնների օրենսդրական առանձնահատկություններն, ինչպես նաև՝ իրավաբանական ընթացակարգերը, որոնք կարող են առնչվել կոնֆիդենցիալ տեղեկատվության տրամադրման, դատական հայցեր ընդունելու, դատական գործընթացների անցկացման, ակտիվների նկատմամբ կալանքի սահմանման և վերադարձի գործընթացներին:

StAR-ը բացի խորհրդատվական դերակատարությունից՝ ակտիվների վերադարձման գործընթացում կողմերի միջև ստանձնում է միջնորդի դերակատարություն՝ ապահովելով նախատեսվող ընթացակարգերի՝ միջազգային օրենքներին համապատասխան ընթացքը: Սովորաբար ակտիվների վերադարձման գործընթացը բավական երկար է տևում՝ կախված տվյալ դեպքի առանձնահատկություններից՝ ձգվելով մի քանի տարի:

StAR-ն ակտիվների վերադարձման գործընթացում մեծ ուշադրություն է դարձնում նաև տվյալ դեպքի քաղաքական և իրավական ենթատեքստերին, որպեսզի երկրի իշխանությունները չփորձեն հիշյալ գործիքներն օգտագործել իրենց հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Այն, որ Հայաստանից ապօրինի ճանապարհով մի քանի միլիարդ դոլարի հասնող ֆինանսական միջոցներ են դուրս բերվել, փաստում են ոչ միայն հայաստանյան շրջանակներում այդ մասին արված բազմաթիվ հաղորդումները, այլ նաև միջազգային կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունները: Ապօրինի ձեռքբերված և Հայաստանից դուրս բերված միջոցների գոնե մի մասի վերադարձման համար կան անհրաժեշտ գործիքներ, և  Հայաստանի նոր իշխանությունները, փաստորեն, պատրաստակամ են կիրառել այդ գործիքները:  Համադրելով միջազգային դրական փորձը վերոնշյալ գործոնների առկայության հետ՝ Հայաստանից ապօրինի դուրս բերված միլիարդների վերադարձի հույսերը սկսում են իրատեսական թվալ: 

Տնտեսագետ Գոռ Ծառուկյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ