Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

«911» ծառայությունն անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 24832 ահազանգ


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:

Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ: Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ բուսածածկ տարածքներում: Ներկայացնելով ծառայության ընթացիկ աշխատանքները՝ գնդապետ Նահապետյանն անդրադարձավ նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի վիճակին, անկացվող ուսումնական վարժանքներին, ինչպես նաև նշեց, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտներ ակտիվորեն դիմում են՝ համակարգում ծառայության անցնելու համար և, համաձայն նախարարի հանձնարարականի, առաջնահերթությունը տրվում է հենց նրանց: 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների մասին, նշել, որ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ, իսկ ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ առավել հրդեհապայթյունավտանգ գազալցակայանները:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, շարունակել նույն կերպ, քանի որ բոլոր դեպքերում քաղաքացիների անվտանգությունն առաջնային է և ամեն ինչ պետք է բխի հենց իրենց շահերից:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության նոր տնօրենին՝ Սուրեն Հովսեփյանին, հաջող աշխատանք մաղթեց: 

Ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կատարած աշխատանքները՝ Ս. Հովսեփյանն անդրադարձել է եղանակային պայմաններին, ջրամբարների վիճակին: Օգոստոսի 14-18-ը հանրապետության հյուսիսային հատվածներում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ: Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև մյուս հատվածներում: Ջերմային ֆոնը հանրապետության տարածքում անփոփոխ է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, կառուցվածքային փոփոխություններին և ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ