Վերլուծություն

Ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված Իրանը և Թուրքիան ակտիվացնում են երկկողմ փոխգործակցությունը. իրանագետ

7 րոպեի ընթերցում

Ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված Իրանը և Թուրքիան ակտիվացնում են երկկողմ փոխգործակցությունը. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Թուրքիայի վերջին երկու տասնամյակի հարաբերությունները բնութագրելիս արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե տարածաշրջանի այս երկու մրցակից երկրների հարաբերությունները մշտապես լարված են և առկա է փոխադարձ անվստահության մթնոլորտ: Թեև մի շարք առանցքային հարցերում Իրանը և Թուրքիան ունեն լուրջ տարաձայնություններ, սակայն իրականում տարածաշրջանի այդ երկու ազդեցիկ պետությունները միմյանց հնարավորությունները ճիշտ գնահատելով, կարողանում են փոխշահավետ համագործակցություն ծավալել` հատկապես տնտեսության ոլորտում: Իրանի և Թուրքիայի տնտեսությունները տարբեր թելերով կապված են միմյանց, հետևաբար քաղաքական լարվածություններ առաջանալիս կողմերը փորձում են տնտեսությունը հեռու պահել:

Ներմուծման ծավալների ցուցանիշով Թուրքիան Իրանի 4-րդ, իսկ արտահանման ցուցանիշներով՝ 5-րդ գործընկերն է: 2012թ. ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 22 մլրդ. դոլար: 2014թ. սկսած աստիճանաբար անկում է գրանցվել՝ կազմելով 15 մլրդ. դոլար:

Ինչպես 2016թ., այնպես էլ 2017թ. երկկողմ արտաքին առևտուրը կազմել է 11 մլրդ. դոլար: Իրանի և Թուրքիայի իշխանությունները նպատակ են դրել առևտրի ծավալները մեծացնել՝ հասցնելով 30 մլրդ. դոլարի, դրա մասին հայտարարվում է բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ:

Թուրքիան այն եզակի երկրներից է, որի հետ Իրանը «նախընտրելի ատևտրային ռեժիմի մասին» համաձայնագիր է ստորագրել, որը կողմերից յուրաքանչյուրին թույլ է տալիս ցածր մաքսատուրքերով շուրջ 140 ապրանքատեսակ արտահանել և ներմուծել:

Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա Հասան Ռուհանիի նախագահության շրջանում երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկա արձանագրվել: 2014թ. Իրանի նախագահը 18 տարվա ընդմիջումից հետո այցելել է Թուրքիա: Վերջին անգամ 1996թ. ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին էր այցելել Անկարա:

Իսկ 2017թ. օգոստոսին Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին էր այցելել Թուրքիա. Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամն էր, երբ իրանցի բարձրաստիճան զինվորական էր մեկնում Թուրքիա:

Սակայն նշենք, որ վերջին տարիներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները միշտ ուղեկցվել են անակնկալներով. կամ դրանք վերջին պահին չեղյալ են հայտարարվել, կամ էլ տեղի են ունեցել չնախատեսված այցեր, որոնք առանձնապես չեն էլ լուսաբանվել:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և տարածաշրջանային համագործակցությանը՝ պետք է նշել, որ թեև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ Իրանի և Թուրքիայի շահերը բախվում են, սակայն կողմերին սպառնացող վտանգի դեպքում երկու երկրներն անմիջապես մի կողմ են դնում տարաձայնությունները և անցնում ակտիվ համագործակցության: Դա տեղի ունեցավ ինչպես 2017թ. Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի և Կատարի շուրջ զարգացումների, այնպես էլ թուրք-իրանական մերձեցում է նկատվում նաև ներկայում, երբ Միացյալ Նահանգները գրեթե միաժամանակ պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի և Անկարայի նկատմամբ:

Օգոստոսի 9-ին Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին այցելել էր Անկարա: Ուշագրավ է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը մեկ օրվա ընթացքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և առևտրի նախարար Ռուհսար Փեքջանի հետ:

Բնականաբար Իրանի նախագահի հատուկ բանագնացի անակնկալ այցն Անկարա առաջին հերթին պայմանավորված էր Միացյալ Նահանգների նախագահի՝ վերջին օրերին Իրանի և Թուրքիայի հանդեպ իրականացրած գործողություններով: Վաեզիի՝ Անկարա կատարած այցի վերաբերյալ հաղորդագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման առանցքային թեման եղել է Միացյալ Նահանգների գործողությունները և այդ համատեքստում ընդգծվել է առկա մարտահրավերներն Իրանի և Թուրքայի համատեղ ջանքերի միջոցով հաղթահարելու անհրաժեշտությունը:

Իհարկե, Անկարա-Վաշինգտոն «հակամարտությունը» չէր կարող չօգտագործվել Իրանի կողմից, և այդ առնչությամբ Twitter-ի իր էջում ուշագրավ գրառում էր կատարել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող դաշնակցի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումն ամոթալի է:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմումից և Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերականգնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, պետք է նշել, որ այո, Իրանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, սակայն դրա հիմնական պատճառն ամերիկյան պատժամիջոցները չեն, դրանք պարզապես ավելի սրեցին դեռ մեկ տարի առաջ Իրանում առաջացած տնտեսական լարվածությունը: Գուցե և հակասական թվա, սակայն ստեղծված իրավիճակում ամերիկյան պատժամիջոցներն ինչ-որ չափով կարող են նաև օգտակար լինել Իրանի կառավարության համար, որը երկրում առկա տնտեսական խնդիրները կարող է կապել պատժամիջոցների հետ:

Իսկ ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներին, ապա ներկայիս իրավիճակը զգալիորեն տարբերում է մինչև միջուկային համաձայնությանը (2015թ.) նախորդող ժամանակաշրջանից:

Եվրոպայի՝ մասնավորապես ԵՄ-ում մեծ ազդեցություն ունեցող Գերմանիայի՝ ամերիկյան պատժամիջոցներին չմիանալու դիրքորոշումն Իրանի համար այս փուլում չափազանց կարևոր աջակցություն է:

Կրկին վերադառնալով թուրք-իրանական հարաբերություններին՝ նշենք, որ Անկարայի և Թեհրանի նկատմամբ ԱՄՆ վարած պատժամիջոցների քաղաքականությամբ պայմանավորված առաջիկայում երկու երկրները կփորձեն մեծացնել ազգային արժույթներով առևտուր իրականացնելու հնարավորությունները՝ այդ կերպ բավարարելով երկրների շուկաների պահանջարկը՝ Թուրքիան Իրանին մատակարարելով արդյունաբերական ապրանքներ, մատուցելով բանկային ծառայություններ, Իրանը՝ գազ և գյուղատնտեսական ապրանքներ։

Քաղաքական հարաբերությունների վերաբերյալ էլ պետք է նշել, որ ներկա փուլում կողմերը կփորձեն հնարավորինս խուսափել տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեցած տարաձայնություններից՝ նախաձեռնելով տարածաշրջանի երկրների (Իրան-Ռուսաստան-Թուրքիա) մասնակցությամբ եռակողմ ձևաչափով հանդիպումներ։

Արմեն Իսրայելյան, իրանագետ

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում