Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արգենտինայում հայ և արգենտինացի երաժիշտները կանցկացնեն վարպետության դասընթացներ՝ նվիրված հայկական երաժշտական գործիքներին

Արգենտինայում հայ և արգենտինացի երաժիշտները կանցկացնեն վարպետության 
դասընթացներ՝ նվիրված հայկական երաժշտական գործիքներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oգոստոսի 16-ին Բուենոս Այրեսի և օգոստոսի 22-ին Կորդոբայի արվեստի երեք համալսարաններում հայ և արգենտինացի երաժիշտների մասնակցությամբ կանցկացվեն դասախոսություններ և վարպետության դասընթացներ՝ նվիրված հայկական երաժշտական գործիքներ դուդուկին, քանոնին, թառին, բլուլին, շվիին: Միջոցառումները կկայանան  Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնությամբ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ծրագրի գեղարվեստական ղեկավար ու կազմակերպիչ, ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը, այն շատ կարևոր նախաձեռնություն է հայկական երաժշտության հանրահռչակման տեսանկյունից:

«Հայաստանը հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, և նման միջոցառումները այլազգի հասարակության շրջանում այն ներկայացնելու շատ լավ առիթ են: Այժմ մենք՝ հայ և գործընկեր այլազգի երաժիշտներով Հարավային Ամերիկայում ներկայացնելու ենք հայկական ավանդական երաժշտական գործիքները՝ կազմակերպելով դասախոսություններ, վարպետության դասընթացներ»,- ասաց Գագիկ Գասպարյանը:

Հայաստանից հրավիրված են քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, թառահար Արմեն Եգանյանը, բլուլահար Լևոն Թևանյանը: Դուդուկի կատարումներով հանդես կգա համերգ-դասախոսությունների նախաձեռնության հեղինակ ու կազմակերպիչ Գագիկ Գասպարյանը:

Նախատեսված է համերգ Կորդոբայի հնագույն «Բուեն Պաստոր» («Լավ հովիվ») կոչվող թանգարան-պատմամշակութային կենտրոնում ՝ «Հայկական հազարամյա մշակույթը Արգենտինայում» խորագրով: Ելույթ կունենա նաև Կորդոբայի «Արարատ» պարախումբը (գեղ. Ղեկավար՝ Վերոնիկա Կարադախյան):

Դասախոսություններ են նախատեսվում անցկացնել նաև Ուրուգվայում և Չիլիում: Ծրագրի ընդհանուր պատասխանատուն է ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ, ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը:

Գագիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ միջոցառումների ամբողջ ընթացքը տեսագրվելու է՝ հետագայում ֆիլմ նկարահանելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am