Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային երգ ու պար, հագուստի ցուցադրություն, ցուցահանդես-տոնավաճառ. օգոստոսի 4-ին կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

Ազգային երգ ու պար, հագուստի ցուցադրություն, ցուցահանդես-տոնավաճառ. օգոստոսի 
4-ին կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 4-ին արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» քաղաքային զբոսաշրջային փառատոնը: Այն այս տարի ևս բաղկացած է լինելու երկու մասից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքապետարանի տուրիզմի բաժինը համակարգող Մարիա Բարաղամյանը նշեց, որ առաջին մասը, ավանդույթի համաձայն, ազգային մշակույթի, հայկական ապրանքանիշերի, ժողվարպետների աշխատանքների ցուցադրությունն է լինելու: Անցկացվելու է նաև Հայաստանում գործող ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների, դեսպանությունների կողմից ներկայացվող ապրանքների  ցուցահանդես-տոնավաճառ, իսկ երկրորդ մասում կներկայացվեն հայ դիզայներների տարազային բաղադրիչ պարունակող արդի հավաքածուները:

«Փառատոնի շրջանակում ներկայացվում է հայկական մշակույթը, ազգային հագուստը: Ակտիվորեն մասնակցում են դիզայներները, ովքեր նոր շունչ են հաղորդում ազգային նախշազարդերին: Միջոցառումը բավական հետաքրքիր է զբոսաշրջության տեսանկյունից: Ներկա լինելով փառատոնին՝ կարող եք տեսնել, թե որքան զբոսաշրջային խմբեր են գալիս»,-ասաց Մարիա Բարաղամյանը:

«Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը նշեց, որ իրենք պատրաստվում են փառատոնին ներկայանալ նոր հավաքածուով:

«Հավաքածուն ամբողջությամբ հայկական նախշազարդերով է: Մեր նպատակն է հանրության լայն շրջանում ներկայացնել մեր ազգայինը, որին դիզայներները նոր շունչ են հաղորդում: Մենք այդ առումով այնքան մեծ հարստության տեր ենք, որ պարզապես իրավունք չունենք այդ նախշազարդերը չտեղափոխել նոր հագուստի վրա»,-ասաց Սվտելանա Հակոբյանը:

Դիզայներ Գևորգ Շադոյանը նշեց, որ ինքը մեծ ուրախությամբ է մասնակցում այս փառատոնին: Նա ներկայացնելու է երկու մասից բաղկացած հավաքածու:

«Իմ նախորդ հավաքածուն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ հագուստների վրա տեղ էին գտել տարբեր համայնքների, գավառների նախշազարդեր: Այն անվանակոչել էի «Վերածնունդ»: Այս տարի իմ հավաքածուն, որը կոչվում է «Հաղթանակ», նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին: Ես որոշեցի ներկայացնել հագուստներ երկու հավաքածուներից էլ՝ «Վերածնունդ»-ից դեպի «Հաղթանակ»,-ասաց Գևորգ Շադոյանը:  

«Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, նշեց, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվող այս փառատոնը բավական կարևոր միջոցառում է: Այն դիզայներների համար լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց ստեղծածը, նոր մոտեցումները:

«Մեզ համար բարդ է մեր հավաքածուները ցուցադրելն առանց աջակցության: Գիտեք, որ յուրաքանչյուր ցուցադրություն ենթադրում է հսկայական աշխատանք՝ բեմ, հյուրեր, մոդելներ և այլն: Հետևաբար, սա շատ լավ հնարավորություն է մեզ համար: Մեր ցուցադրությունը կոչվելու է «Երևանյան խճանկար», ներկայացվելու են տարազներ, հարսանեկան, ծիսական զգեստներ: Հավաքածուն վառ գույներից է բաղկացած»,-ասաց Լիլիթ Մելիքյանը:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ն ունի հյուրեր դրսից: Հայաստանում է Իսպանիայի Վալենսիայի մարզից ժամանած Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար տիկին Մերսեդես Մենոր Սեզպեդեսը:

«Մեզ համար շատ կարևոր է Երևանում լինելը, այս փառատոնին մասնակցելը, տեսնելը, թե ինչպես է հայ ազգն իր մշակույթը պահպանում, նոր շունչ հաղորդում ու փոխանցում սերունդներին: Մենք նույնպես ներկայացնելու ենք մեր ազգային հագուստը: Սա դեռ սկիզբն է, կարծում եմ, Երևան քաղաքի հետ աշխատանքը կշարունակենք»,-ասաց Մերսեդես Մենոր Սեզպեդեսը:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված զբոսաշրջային բաղադրիչ ունեցող 4 խոշոր փառատոններից է: Փառատոնի նպատակն է Երևանում միջոցառումային զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև ազգային ավանդույթների, մշակույթի զարգացումն ու ցուցադրումը թե մայրաքաղաքի հյուրերին, թե մեր համաքաղաքացիներին

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am