Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Հայաստանը դասվում է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի առումով միջին տարածվածության երկրների շարքը


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում մոտ 40-50 հազար հեպատիտ Բ-ով և մոտ 70 հազար հեպատիտ Ց-ով վարակված հիվանդ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Առողջապահության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը: Նրա խոսքով՝ վարակվածների միայն 10 տոկոսն է իրազեկված իր հիվանդության մասին:

«Հեպատիտ Բ-ն համարվում է կառավարելի, հեպատիտ Ց-ն բուժելի հիվանդություն»,-ասաց Ղազինյանը՝ հորդորելով բնակչությանը զգուշանալ ոչ ապահով բժշկական միջամտություններից, ներառյալ կասկածելի գեղեցկության սրահներ այցելելուց: «Ներերակային թմրամիջոցների օգտագործումը ևս կարող է հեպատիտի պատճառ դառնալ, ինչպես նաև հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, որը հեպատիտ Բ-ի համար ավելի շատ է գործում, քան հեպատիտ Ց-ի համար»,-ասաց գլխավոր հեպատոլոգը՝ հավելելով, որ հիվանդության բարձր տարածվածության երկրներում կա, այսպես կոչված, վերտիկալ՝ վարակված մորից երեխային անցնելու ճանապարհը: «Մեզ մոտ այդ ճանապարհը զրոյացված է ի շնորհիվ վակցինացիայի: Վակցինացիան մեզ մոտ մեծ արդյունավետություն ունի: Հայաստանում հեպատիտով հիվանդ 7-10 երեխա կա, որոնց մեծամասնությունը պատվաստված չէ»,-ընդգծեց նա:

Հեպատիտ Բ-ն, ըստ մասնագետի, հետաքրքիր կլինիկական ձևեր ունի՝ սկսած առողջ վիրուսակրությունից մինչև լյարդի ցիռոզի ու առաջնային քաղցկեղի առաջացումը: «Հայաստանում 90 տոկոսից ավելի հիվանդների մոտ սոսկ վիրուսակրություն է, այսպիսի հիվանդները բուժում չեն պահանջում, դրանք պահանջում են ընդամենը դիսպանսերիզացիա տարին մեկ-երկու անգամ: Որոշ դեպքերում հեպատիտ Բ-ն կարող է ինքնուրույն անցնել, սակայն դրանով վարակվածները շարունակում են համարվել վիրուսակիր և ամեն դեպքում, եթե ընտանիքի անդամներից մեկը հիվանդ է, ընտանիքի անդամները պետք է պատվաստվեն»,-հավելեց Ղազինյանը:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի  ոչ վարակիչ հիվանդությունների և  ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ  Ռոմելա Աբովյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին ներդրվել են հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո Հայաստանում սկսեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ով հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը և՛ մեծահասակների, և՛ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5%, ապա 1999 թ. պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: «Սա վառ ապացույցն է վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետության: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվում են ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ»,-հավելեց նա;

 Քրոնիկ հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Ց-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.5 անգամ, իսկ սուր Բ-ինը՝ 1.7 անգամ:  

ԱՀԿ-ի տվյալներով`  Եվրոպական տարածաշրջանում շուրջ 15 մլն մարդ ապրում է վիրուսային հեպատիտ Բ-ով, 14 մլն-ը` հեպատիտ Ց-ով: Վարակվածների երկու երրորդն ապրում է Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Լյարդի քաղցկեղով դեպքերի շուրջ 60%-ը պայմանավորված է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի ուշ հայտնաբերմամբ, ընդ որում` հեպատիտ Բ-ով պայմանավորված է քաղցկեղների 43%-ը, հեպատիտ Ց-ով՝ 17%-ը:

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965 թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ