Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանությունը, ԿԳ նախարարությունն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կխորացնեն անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում

ԱՄՆ դեսպանությունը, ԿԳ նախարարությունն ու «Հայաստանի մանուկներ» 
հիմնադրամը կխորացնեն անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հուլիսի 25-ին համաձայնագիր ստորագրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի հետ, որի  համաձայն՝ ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման  Access միկրոկրթաթոշակային ծրագրով   կկազմակերպվեն 2 տարի տևողությամբ անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ:

«Սա իրապես գործընկերություն է, որի ներքո երեք կազմակերպություն՝ դեսպանությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և նախարարությունը մեկտեղել են իրենց ջանքերը, որպեսզի մարզերի երեխաներն ավելի լավ տիրապետեն անգլերենին: Վստահ եմ, որ իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները նրանք կօգտագործեն իրենց կյանքի բարելավման, համայնքների հզորացման և երկրի զարգացման համար: Հպարտ եմ, որ մենք կարող ենք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը, քանզի մերօրյա գլոբալ շուկայական միջավայրում անգլերենը շատ մեծ կարևորություն ունի», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում, հատկապես գյուղական համայնքներում նախատեսվող միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կատարելագործել մասնակիցների անգլերենի իմացությունը և զարգացնել անգլերեն լեզվի ուսուցիչների կարողությունը: «Կարևորում եմ կրթության ոլորտում նման համագործակցությունը և անգլերենի ուսուցման որակի ապահովմանն ուղղված ԱՄՆ դեսպանության ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությունը: Ծրագրի իրականացումը կարող է հարթակ ստեղծել դպրոցներում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների նպատակային վերապատրաստման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար», - նշեց նա:

Համաձայնագրով ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000  ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը, կապահովեն ծրագրի իրականացումը մինչև 2021թ.: Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթաթոշակային ծրագրի նոր փուլն է: Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և մեկ այլ գործընկեր կազմակերպության՝ «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ»-ի իրականացրած աշխատանքների արդյունքում այս ծրագրով կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցականներ:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կրթությունը դիտարկում է որպես երիտասարդների ներուժի խթանման ու շարունակական կատարելագործման շարժիչ ուժ: Այս առումով անգլերենի ուսուցումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կրթական ծրագրերի անբաժանելի մասն է կազմում,  և այսօր մենք ուրախությամբ ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ նշանավորում ենք մեկ այլ խոշոր ձեռքբերում: Ուրախություն ու գոհունակություն ենք ապրում, երբ տեսնում ենք մեր սաների վստահությունն ու առավել պայծառ ապագա կերտելու վճռականությունը, որ նրանց է փոխանցվում անգլերենի՝  հնարավորություններ բացող այս լեզվի իմացության հետ մեկտեղ», - ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանը:

ԱՄՆ դեսպանությանը տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաև Access ծրագրի ընթացիկ փուլի մասնակիցներ ու շրջանավարտներ, ովքեր կարևորելով այս ծրագիրը փաստեցին, որ այն ոչ միայն օգնել կատարելագործել իրենց անգլերենի իմացությունը, այլ նաև թույլ է տվել նախաձեռնել համայնքի կատարելագործման նախագծեր՝ շնորհիվ ձեռք բերած վստահության ու առաջնորդման հմտությունների:

Այս թարմացված նախաձեռնությամբ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան 15 մարզային համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտներ: Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է, օրինակ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am