Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան

ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ: Ներկաները նշել են, որ ռեկտորների խորհուրդը բազմիցս քննարկել է այս հարցը, ինչպես նաև առանձին բուհեր իրավիճակային լուծումներ են փորձել գտնել:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, օրինակ, նշել է, որ մայր բուհը դեռևս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետևանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունություն: Ավելին՝ նա նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլևս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Նա մտահոգություն է հայտնել դեռևս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին:

Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաև գնումների գործընթացի և տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր: Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնամխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու: Հանդիպման ավարտին նախարարը ռեկտորներին զգուշացրել է, որ նոր ուսումնական տարվանից խիստ վերահսկողություն է իրականացվելու դասապրոցեսի և ուսանողների հաճախելիության խնդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am