Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նշանավորվեց հայաստանյան պրեմիերաներով


 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգին կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ հնչեցին: Ծրագրում ընդգրկված էին Հայդնի, Մոցարտի գործերը: Համերգը տեղի ունեցավ հուլիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`2017-2018 թվականների համերգաշրջանի փակումն ազդարարող երեկոյին կամերային նվագախումբը (գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

«Մենք տարեկան ամենաքիչը 25 համերգ ենք ունենում: Եթե գումարենք նաև արտերկրի ծրագրերը, ապա ավելի շատ»,-նշեց Մլքեյանը:

Նրա խոսքով՝  այսօր Հայաստանում քիչ են ակադեմիական երաժշտություն հնչեցնում, սակայն հայ կատարողները լավ բնավորություն ունեն: «Նրանք հայ կոմպոզիտորներին շատ են  պրոպագանդում: Մեր երգչախմբի երգացանկի 60 տոկոսը կազմված է հայ ստեղծագործողների գործերից, բայց երաժշտասերները կարոտում են նաև Հայդնին և այլոց հարուստ ժառանգությանը»,-շեշտեց նա ու հավելեց, որ ամեն հնարավոր առիթ օգտագործում են կամերային հրաշալի ստեղծագործությունները հանրությանը մատուցելու համար:

Համերգային ծրագրում որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ ելույթ ունեցան  Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Մլքեյանը հիշեցրեց, որ հաջորդ տարի նշվում է Կոմիտասի 150-ամյակը: «Կարծում ենք՝ նրա հոբելյանը չպետք է տոնենք՝ սահմանափակվելով միայն Հայաստանի նեղ շրջանակով: Հետևաբար, երկրի սահմաններից դուրս հետաքրքիր ծրագրերի միջոցով մեծ թափով Կոմիտասի երաժշտությունը կտարածենք ամբողջ աշխարհում»,-եզրափակեց դիրիժորը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ