Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ երկրում կլինեն արտոնյալ գործարարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով Հայաստանում ներդրումային հնարավոր հոսքի մասին՝ վարչապետն ընդգծեց, որ կա մեծ հետաքրքրություն, կան հստակ ծրագրեր ու նախագծեր, որոնց մասին, սակայն, իրենք կհայտարարեն միայն այն ժամանակ, երբ դրանք կանցնեն անշրջելիության կետը:

«Մենք պատրաստվում ենք ստեղծել հնարավորություններ, նորմալ որակի ենթակառուցվածքներ, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն, տնտեսության ոլորտների նկատմամբ հավասար հասանելիություն, երաշխավորել ներդրումների անվտանգությունը, բացառել կոռուպցիան»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ գործարարների հետ հանդիպմանը մշտապես ասում է, որ նրանց առաջ երկու խնդիր է դնում: «Ես ասում եմ, որ նախ՝ մենք ուզում ենք, որ դուք, կոպիտ ասած, փող աշխատեք: Մեր շահն այն է, որ դուք այդ ընթացքում ստեղծեք աշխատատեղեր ու վճարեք հարկեր: Որևէ ուրիշ պարտավորություն դուք չունեք: Որևէ մեկը՝ հարկայինից, ոստիկանությունից կամ այլ պետական մարմնից, իրավունք չունի ձեզ համար պարտավորություն առաջացնել: Մենք ունենք մի պայման՝ աշխատում եք օրինական դաշտում, բոլորի հետ հավասար պայմաններում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց՝ տեղյակ են, որ կան խնդիրներ ստեղծող օրենքներ, դրանք պետք է միասին քննարկել ու փոփոխություններ իրականացնել: «Բայց օրենքը պետք է լինի անառարկելի, և սա պետք է տարածվի բոլորի համար: Բացառում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կլինեն արտոնյալ գործարարներ: Սա է կառավարության անելիքը: Մենք պատրաստվում ենք բոլոր գործարարներին ոգևորել, որ նրանք իրենց ինքնադրսևորման համար նոր հնարավորություններ տեսնեն: Մենք հիմա ստեղծում ենք մի հարթակ ազգային տնտեսական ներուժի դրսևորման համար: Համոզված ենք, որ այդ հարթակը ստեղծելու ենք: Մենք պետք է մարդկանց ոգևորենք, լիցք հաղորդենք, որ, այո՛, միասին ի վիճակի ենք լինելու նոր տնտեսական ճեղքում ապահովել»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ կառավարությունը կամ վարչապետը, որպես էդպիսին, չի կարող տնտեսություն զարգացնել, նա կարող է ստեղծել հնարավորություն, որ ազգային և ոչ միայն ազգային լավագույն ներուժը ներգրավվի այդ գործին: «Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդն ունի այդ ներուժը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am