Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 18-ին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո գումարված կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին:

Իր խոսքում նախարար Մնացականյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Նա ընդգծեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջև ձևավորված գործընկերային սերտ կապերն ու համագործակցությունը, որոնք մասնավարապես ուղղված են նորարական նախաձեռնությունների խրախուսմանը: Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում նախարարը մեծապես կարևորեց Հայաստանի հասարակական կյանքի անբաժան մասը հանդիսացող կենսունակ և ուժեղ քաղաքացիական հասարակության դերակատարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՄԱԿ-ի 2030 օրակարգի արդյունավետ իրականացման առումով նախարար Մնացականյանն ընդգծեց նաև տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այն կարող է ոչ միայն հիմք ծառայել հարևան երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման համար, այլ հանդես գալ որպես վստահության ձևավորման կարևոր միջոց:

Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև նախօրեին ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցին:

Ներկայացնելով Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ նոր կառավարությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնում է բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am