Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դատարան դիմելիս Աջակցման կենտրոնը պետք է ունենա բռնության ենթարկված անձի համաձայնությունը. պատգամավորը խնդիր է տեսնում

Դատարան դիմելիս Աջակցման կենտրոնը պետք է ունենա բռնության ենթարկված անձի 
համաձայնությունը. պատգամավորը խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրահարույց է համարում Աջակցման կենտրոնների կողմից դատարան դիմելիս բռնության ենթարկված անձի դիմումը պարտադիր ներկայացնելը: Պատգամավորն իր այս մտահոգությունը հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ անդրադառնալով իրավիճակին, որ բռնության ենթարկված անձինք շատ հաճախ կրկնակի ճնշման են ենթարկվում բողոք ներկայացնելիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել հեղինակի կողմից: Մասնավորապես, որոշակի տերմիններ են հստակեցվել, ինչպես նաև ամրագրվել է հանգամանքը, որ դատարան կարող է դիմել բռնության ենթարկված անձն ու Աջակցման կենտրոնը՝ անձի համաձայնությամբ, ինչի համար կենտրոնը պետք է դատարան ներկայացնի այդ համաձայնությունը վկայող փաստաթուղթը: «Գործող օրենքում հստակ պահանջ կա, որ Աջակցման կենտրոնը կարող է դատարան դիմել անձի համաձայնությամբ, քանի որ դատարանն այնպիսի որոշումներ է կայացնում, որոնց պետք է բռնության ենթարկված անձը պատրաստ լինի: Ինչպես օրինակ, բռնություն կատարող անձի նկատմամբ սահմանում է պահպանել որոշակի մետր հեռավորություն բռնության ենթարկված անձից, երեխաների տեսակցությունն է սահմանափակվում, իրավունքների այլ սահմանափակումներ»,-ասաց փոխնախարարը: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ իրենք օրենսդրական այս փոփոխություններով ցանկանում են դատարանին ազատել ավելորդ ծախսերից, ժամանակի կորստից այն դեպքում, երբ բռնության ենթարկված անձը չցանկանա հարցն այդ ճանապարհով լուծել:

«Մենք ձեզ հետ միասին գիտենք, որ ընտանիքում բռնության ենթարկված կինը, եթե անգամ մեծ ցանկություն ունի դիմելու իրավապահ համակարգին, նրա վրա կրկնակի ճնշում է գործադրվում, որ այդ դիմումը չներկայացնի: Ընտանիքներում բռնությունը լուրջ խնդիր է, որքան էլ շատերը դրա հետ չհամաձայնեն»,-ասաց պատգամավոր Զոհրաբյանը:

 Նա ներկայացրեց ընտանեկան բռնության ընթացիկ տարվա հինգ ամիսների վիճակագրությունը, ըստ որի արձանագրվել է այդպիսի 289 դեպք, 35-ով՝ հարուցվել է  քրեական գործ: «Համաձայն վիճակագրության՝ արձանագրվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 174 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 9 դեպք, ի դեպ՝ բռնության է ենթարկվում կանանց մեկ քառորդը, տղամարդկանց 1 տոկոսը,  ծնողի կողմից ծնողի նկատմամբ՝ 26, զավակների կողմից ծնողների նկատմամբ՝ 31 դեպք: Վիճակագրությունը իրապես խնդրահարույց է՝ հաշվի առնելով, որ բռնության լատենտ դեպքերը, որոնք որևէ կերպ չենք արձանագրվում, ավելի մեծ են»,-ասաց Նարիա Զոհրաբյանը:

Պատգամավորը կարևորեց առարկայական քայլերի իրականացումը, որ մինչև դեկտեմբեր ստեղծվեն Աջակցման կենտրոնները: «Խնդրում եմ կառավարության ներկայացուցիչներին ոչ թե ուղղակի ընդունենք օրենքն ու անցնենք առաջ, այլ ակտիվ մեխանիզմներ կիրարկենք գոնե դեկտեմբերից Աջակցման կենտրոնները գործարկելու համար»,-հավելեց պատգամավորը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am