Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Գարիկ Մաշկարյանի «Գոգ և Մագոգ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան»-ի հայկական համայնապատկերում


 ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» հոբելյանական 15-րդ միջազգային կինոփառատոնի  «Հայկական համայնապատկեր» բաժնում ներառված «Գոգ և Մագոգ» կարճամետրաժ ֆիլմի հերոսը հայտնվում է ճանապարհի եզրին գտնվող ռեստորանում և պահանջում, որ իրեն սպասարկեն: Ռեստորանի տերը բացատրում է, որ ուշ ժամ է, և աշխատողներն արդեն գնացել են: Բայց անծանոթը համառորեն իրենն է պնդում: Ամեն բան փոխվում է, երբ անծանոթի ձեռքում հայտնվում է ատրճանակը:

Ժապավենի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Գարիկ Մաշկարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հեղինակը նշեց, որ առաջին անգամ է այս փառատոնին իր գործերից մեկը և այդ կապակցությամբ շատ ուրախ է:

«Իմ ընկերներն այն մարդիկ են, որոնց հետ աշխատում եմ, օպերատորները, սցենարիստները, այլոք: Նրանք են ինձ ոգեշնչել կյանքի կոչել այս ֆիլմը: «Գոգ և Մագոգ»-ը շատ սուբյեկտիվ է, շատ է իմը, բայց նաև շատերինը: Այն 25 րոպե է տևում»,-ասաց նա:

Մաշկարյանը խոստովանեց, որ որոշակի տարիքում ինքդ քեզ հարցնում ես, թե ինչո՞ւ է այսպես, ոչ թե այնպես; «Քաղաքակրթությունը զարգանում է, բայց հաճախ մարդիկ մենակ են մնում: Դրա պատճառը անտարբերությունն է, նաև մշտապես լավ ժամանակ անցկացնելու, հաճույք ստանալու մարդկանց անհագ ցանկությունը:  Դա, ի վերջո, վատ հետևանքներ է ունենում»,-շեշտեց ռեժիսորը:

Նրա հավաստմամբ` իր նկարահանած ֆիլմը բնավ խրատական չէ, քանի որ, ըստ իրեն, այն, ինչ արվեստասերներին ուզում ես ասել, պետք է զերծ լինի խրատից, հակառակ դեպքում կինոյի երկրպագուն ձանձրանում է: «Նախընտրում եմ պատմություն պատմել, որը լացի, ուրախության, ցավի միջոցով ինչ-որ բան կտա դիտողին»,-եզրափակեց նա:

Գարիկ Մաշկարյանը ծնվել է 1966-ին Երևանում: Ուսանել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում, զուգահեռ՝ Երևանի Կամերային թատրոնի ստուդիայում: 1996 թվականից մինչ օրս աշխատում է որպես ռեժիսոր:

Նրա ֆիլմերն են. «Երևան ջան», «Նուռ», «Մեր քաղաքապետը», «Պատգամ», «Քարացած մեղեդի», «Տաթև» (Տաթևիկ Հովհաննիսյան), «Հայ երգի դեսպանը» (Տիգրան Հեքեքյան) և այլն:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից  է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ