Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԲՀԿ-ն առաջարկում է անցնել ամբողջովին փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի  

ԲՀԿ-ն առաջարկում է անցնել ամբողջովին փակ ցուցակներով համամասնական 
ընտրակարգի

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունն առաջարկում է անցնել ամբողջովին համամասնական ու փակ ցուցակներով ընտրակարգի։ Այս մասին հուլիսի 6-ին կայացած ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով  աշխատանքային խմբի 3-րդ նիստի ընթացքում հայտնեց ԲՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը։

«Գործող համամասնական ընտրակարգը շեղված է մաքուր համամասնականից, և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնականը։ Նման խառը ընտրակարգով ընտրություն անցկացնելը չի բխում ժողովրդավարության մակարդակի բարձրացումից։ Ամբողջությամբ համամասնական փակ ընտրակարգի անցնելու դեպքում Աժ ընտրությունները չեն անձնավորվի, և կբարձրանա դրանց քաղաքական նշանակությունը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բագրատյանն անդրադարձավ նաև մարզերի ներկայացուցիչների խնդրին։ Նրանք, ըստ մարզերի բնակչության թվի մեծության հաջորդականության, տեղ կգտնեն կուսակցության կամ դաշինքի համապետական ցուցակի առաջին համարից սկսած յուրաքանչյուր 6-յակում։

ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ հենց այս առաջարկն է հակասում ժողովրդավարությանը։

«Այս ամենը արհեստական է, լավագույն լուծումը մեր առաջարկն է։ Պետք է ընտրակարգը լինի բաց ցուցակներով, որովհետև ժողովուրդն է որոշելու, թե որ մարզից ով լինի պատգամավոր։ Հնարավոր է՝ ժողովուրդը որոշի, որ «Դաշնակցությունից» բոլորը պետք է լինեն Լոռու մարզից։ Այդ ընտրակարգի պարագայում մենք ժողովրդին ստիպում ենք մեր ասած ձևով շարժվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

ԲՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն առաջարկեց նաև արգելել համատիրություններին՝ քարոզարշավների ընթացքում իրենց գրասենյակներն օգտագործել որպես որևէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական շտաբ։

«Նախորդ ընտրությունների ընթացքում համատիրությունները կազմակերպում էին քարոզչություն՝ ի նպաստ հանրապետական կուսակցության, որովհետև փաստացի գտնվում էին նրանց հսկողության ներքո»,- նշեց Բագրատյանը։

Առաջարկներից մյուսը վերաբերում էր քվեարկության ժամանակ իրենց ընտրական իրավունքն իրականացնելու հնարավորություն չունեցող անձանց օգնողներին։ ԲՀԿ-ն առաջարկում է թույլ չտալ, որ մեկ անձը օգնի մեկից ավելի ընտրողի։

«2017թ. խորհրդարանական ընտրութունների ընթացքում 79.500 քաղաքացի է այլ անձի օգնությամբ քվեարկել, այն դեպքում, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ինձ հայտնել են, որ ընտրական իրավունք ունեցող անձինք, ովքեր ուղեկցելու կարիք ունեն, ընդամենը 15.250 հոգի են եղել»,- նշեց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ի կողմից արված մյուս առաջարկները վերաբերում էին զորամասերում հավասար քարոզչության ապահովմանը, քարոզչության համար տրամադրված անվճար եթերաժամանակի ընդլայնմանը, նշում պարունակ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելուն։ Այս և մյուս առաջարկներն արվել են նաև մյուս երեք խմբակցությունների կողմից։

Հաջորդ նիստի ընթացքում ներկա կլինեն նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները։

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի նախորդ երկու նիստերի ընթացքում իրենց առաջարկներն էին ներկայացրել ԵԼՔ դաշինքը, ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները։ Զուգահեռաբար քննարկումներ է անցկացնում նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am