Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վարդավառ» միջազգային փառատոնը կրկին կհանրահռչակի ազգային-ավանդական մշակույթը

«Վարդավառ» միջազգային փառատոնը կրկին կհանրահռչակի ազգային-ավանդական 
մշակույթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարին անընդմեջ հուլիսի 8-ին կկազմակերպվի «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրության մյուս շերտերին  Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին միջազգային փառատոնի հանրային կապերի բաժնից:

Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում:

Այս տարի ևս փառատոնը կմեկնարկի վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով: Այստեղ փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ հոգևորականի կողմից ջուր ցողելու արարողությանը:

Կեսօրին Գառնու տաճարի հարակից հրապարակում կլինի Վարդավառի տոնակատարությունը՝ հեթանոսական ավանդույթների մատուցմամբ: Զուգահեռ, Գառնիի Նոյան այգի մշակույթի կենտրոնում կմեկնարկի միջոցառման պաշտոնական մասը՝ բացման խոսքով հանդես կգա  Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Վարդավառ միջազգային փառատոնի հիմնադիր Ատոմ Մխիթարյանը, մասնակիցների ողջույնի խոսք կհղեն «Նոյան այգի» մշակույթի կենտրոնի տնօրեն Արամայիս Սուքիասյանը, Կոտայքի մարզպետարանի և Մշակույթի նախարարության ներկայացուցիչները:

Ծրագրում ընդգրկված է նաև հատուկ Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրություն,  ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու հայոց դիցարանի  Աստղիկ  և Վահագն աստվածների կերպարների հետ: 

Փառատոնի գլխավոր գործընկերներն են «Նոյան այգի» մշակույթի կենտրոնը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am