Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան կբերի հռչակավոր երաժիշտների

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան կբերի հռչակավոր 
երաժիշտների

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևան կժամանեն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող մենակատարներ՝ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր, ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), ով, 2005 թվականին ելույթ ունենալով Մեծ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։

Փառատոնը կանցկացվի հուլիսի 2-6-ը Երևանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Արմենիա» փառատոնի շրջանակում ելույթ կունենան նաև ջութակահար Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան և դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։ Վերջինիս 2008 թվականին գրած «Մնաս բարով, թախիծ» վերտառությամբ ինքնակենսագրական գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելեր։

Այստեղ նա պատմում է փառքի և հիասթափության, աշխատանքի և նվաստացման, երաժշտության եւ սկանդալային պահերով լի իր կյանքի դժվարին ուղու մասին։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆի ղեկավարությամբ։ Փառատոնի հյուրերը Հայաստանում ելույթ կունենան առաջին անգամ: Կազմակերպիչների նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչներին։ Փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի, ով այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, եւ այլ հեղինակների գործեր։

«Արմենիան» հյուրընկալելու է ավելի քան 200 զբոսաշրջիկի, ովքեր գալիս են Հայաստան՝ հենց այս փառատոնին մասնակցելու համար:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am