Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկը համալրվեց «Տերն ու ծառան» երաժշտական ներկայացմամբ

Պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկը համալրվեց «Տերն ու 
ծառան» երաժշտական ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի «Տերն ու Ծառան» սիրված հեքիաթում փոս փորողը ինքն է փոսն ընկնում: Այն խորհուրդ է տալիս չշահագործել մարդկանց, լինել ազնիվ և շիտակ: Այս ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն պայծառ, լուսավոր, երաժշտական մանկական ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 16-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում:

«Թումանյանի հեքիաթները, բալադները և առհասարակ նրա ստեղծագործությունները ներկայացումներ բեմադրելու շարժառիթ են, պարզապես պետք է կարողանալ դրանք այնպես վերլուծել, վերաբեմականացնել, որ մեկ և կես էջանոց հեքիաթը դառնա մեկ և կես ժամանոց ներկայացում: Կարելի է որոշ մասեր հորինել` հավատարիմ մնալով Թումանյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց դերասան, ՀՀ վաստակավոր գործիչ, ներկայացման բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:

Նա հավելեց`այս բեմադրության մեջ ամեն բան հարազատ է Թումանյանի ոճին տեսակին:

Նունուֆարին մարմնավորած դերասանուհի Կարինե Ծատուրյանի խոսքով` ներկայացումը շատ արդիական է: «Թումանյանը մեծ շեշտադրում չի կատարել  Նունուֆարի կերպարի վրա, բայց Վիգեն Ստեփանյանը մայրիշխանության պատկեր է ստեղծել` ցույց տալով, որ  ամեն բան կնոջ ձեռքի տակով է անցում, սակայն ի վերջո կարևոր խոսքը  ասում է տղամարդը` Կարապետ  աղան, և ազնվորեն խոստովանում, որ փոս փորողն ինքն է  ընկնում փոսը»,-նշեց դերասանուհին:

Նա  ասաց, որ Վիգեն Ստեփանյանի հետ աշխատելը  բարդ էր, բայց խոստովանեց, որ լավ է նման բեմադրիչի հետ համագործակցելը, հաճախ չհամաձայնելը և արդյունքում հետաքրքիր ներկայացում ստանալը:

«Պատիվ ունեցաք երկրորդ անգամ աշխատել Վիգեն Ստեփանյանի հետ: Ոչ միայն գործընթացն է հետաքրքիր, այլև այն, որ կարողանում ենք ինչ-որ բան սովորել բեմադրիչից»,-փաստեց գլխավոր դերակատար` Կարապետ աղային մարմնավորած դերասան Արթուր Պետրոսյանը:

Նա համաձայնեց իր գործընկերուհու այն կարծիքին, որ «Տերն ու ծառան» մերօրյա ներկայացում է: «Ամենայն հայոց բանաստեղծի գրած հեքիաթն է և այլ կերպ լինել  չէր կարող»,-շեշտեց նա:

Անդրադառնալով իր մարմնավորած հերոսին` դերասանը նշեց, որ Կարապետն այն տղամարդկանցից է, որոնք շատ վատ իրավիճակում են հայտնվում` գերագնահատելով իրենց կանանց: «Խաղում եմ այն ուղերձով, որ անպայման անհրաժեշտ է  ինքդ քեզ գնահատել»,-եզրափակեց Պետրոսյանը:

Ներկայացումը բեմադրվել է  Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am