Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են  

Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում 
են

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակ ակնկալիքների՝ Ադրբեջանում 2018 թ. առաջին կեսին մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև ուղեկցվել է ճնշումների և հետապնդումների նոր ալիքով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերով մոնիտորինգային կենտրոնը:

«Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվել են ավանդական ճնշումների, ընդդիմության գործողությունների սահմանափակման և ձերբակալությունների մթնոլորտում:  Ընդդիմադիր ակտիվիստների շրջանում զանգվածային ձերբակալություններ են եղել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հաջորդող շրջանում: Ադրբեջանական իշխանությունները մարդու իրավունքների կոպիտ խախտումներով  հետևողականորեն վարում են հասարակության մեջ այլակարծության դեմ պայքարի քաղաքականություն: Ադրբեջանում քայքայվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտները, զանգվածային ճնշումների են ենթարկվում հավատացյալները, դատավորներն իրականացնում են իշխանությունների պատվերը»,-նշել է մոնիտորինգային կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:

Մոնիտորինգային կենտրոնի ղեկավարի փոխանցմամբ՝ նախորդ ամիս Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված համաներման հրամանագիրը չի արդարացրել սպասումները և չի լուծել քաղբանտարկյալների հարցը:

«Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը, որոնց մի մասի պատժի ժամկետն ավարտվելու էր համաներման կիրառումից մի քանի օր կամ մի քանի շաբաթ հետո»,-նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանում Քաղբանտարկյալների մոնիտորինգային կենտրոնը ստեղծվել է 2012 թ. նախկին «խղճի բանտարկյալների» կողմից:

Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

Այս ցանկը կարելի է անվերջ շարադրել, քանի որ ցանկացած իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, որը չի բխում նախագահի կամ պետական իշխանության շահերից, տեղ չի գտնում տեղեկատվական հարթակում: Իսկ տեղ գտնելու դեպքում դրա հեղինակները, ինչպես նաև երբեմն իրենց ընտանիքների անդամները, խստագույնս պատժվում են, և, ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, լրատվամիջոցներն էլ փակվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am