Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռոբեր Գեդիգյանը իր ֆիլմերում հայաստանյան դժվարությունները հաղթահարելու ներուժ է տեսնում. մեկնարկել է հետահայաց ցուցադրությունը

Ռոբեր Գեդիգյանը իր ֆիլմերում հայաստանյան դժվարությունները հաղթահարելու 
ներուժ է տեսնում. մեկնարկել է հետահայաց ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը Հայաստանում է.առիթը նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիրն է: Հունիսի 10-14-ը «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հունիսի 11-15-ը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կցուցադրվեն Ռոբեր Գեդիգյանի կինոնկարները: Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը բացվեց հունիսի 10-ին նրա «Կիլիմանջարոյի ձյուները» կինոնկարով:

Ռոբեր Գեդիգյանը ցուցադրությունից առաջ նշեց, որ շատ գոհ է, որ գտնվում է Հայաստանում: «1,5 ամիս է՝ խոսվում է այստեղի իրադարձությունների մասին: Թերթերը գրում են, որ երիտասարդները պարում են, երգում փողոցներում, ծնողները, տատիկները, պապիկները նույնպես ուրախանում են նրանց հետ: Բոլորն ուրախ են և երջանիկ, քանի որ մի նոր դարաշրջան է բացվում հայ ժողովրդի համար: Մենք էլ մեծ հույս ունենք ու վստահություն: Հույս ունեմ, որ այն հարցերը, որոնք վեր են հանվում իմ ֆիլմերում, ձեզ էլ մտածելու առիթ կտան, կօգնեն հաղթահարել ձեր առջև ծագած դժվարությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ռեժիսորը:

Գեդիգյանի մուսան և կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդն ամուսնու հետ նույնպես Հայաստանում է: «Ինձ համար գերագույն հաճույք է այստեղ գտնվելը: Տարօրինակ է, բայց զգացում ունեմ, որ իմ տուն եմ եկել: Ինձ թվում է՝ ինչ-որ բան փոխվել է: Այս անգամ եկել եմ, որ ձեզնից ինչ-որ բան սովորեմ, որովհետև 1,5 ամիս առաջ դուք արել եք արտակարգ բան: Երբեք չմոռանաք, թե ինչի համար էիք դուրս եկել փողոց և հուսով եմ, որ ինձ էլ մի բան կսովորեցնեք»,- ասաց Արիան Ասկարիդը:

Կինոռեժիսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Գեդիգյանը ֆրանսիական կինոյի այն ստեղծողներից է, ովքեր շատ կարևոր խնդիրների մասին գեղարվեստական խաղարկային ֆիլմեր են անում: Եվ նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը հանդիսատեսին հնարավորություն կտա անդրադառնալու ռեժիսորի մեծ արվեստին:

Նշենք, որ 2018 թվականին Ռոբեր Գեդիգյանն ընդգրկվել է Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում, իսկ 2015-ին գլխավորել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիգյանն արդեն երեք տասնամյակից ավելի ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն:  Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am