Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատախազը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալի լիազորությունները

 Դատախազը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք:

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Եվս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Քրեական գործով դատավարական կարգավիճակ ուներ 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի, 2-ը՝ կասկածյալի: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ էր արձակել:

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am