Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները՝ բարելավված. Հալեպում կյանքը վերադարձել է բնականոն հուն


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները հիմնականում բարելավված են, կյանքը վերադարձել է բնականոն հուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բավական բարելավվել է:

«Օրեր են եղել, երբ տևական ժամանակ չենք ունեցել ջուր, էլեկտրականություն: Այսօր իրավիճակն այլ է, օրվա 10 ժամից ավելի հոսանք ենք ունենում, ջրամատակարարման հարցը կարգավորվել է: Քաղաքային իշխանությունը զգալի աշխատանք է կատարել փողոցները քարերից, աղբից մաքրելու ուղղությամբ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ կյանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ սիրիական պատերազմի ընթացքում երկիրը հսկայական վնասներ է կրել, այսօր կառավարությունը կանգնած է խոշոր նյութական պարտավորությունների առջև: Այդուհանդերձ, կառավարությունը ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված աշխատանքներ է տանում երկրի վերականգնման ուղղությամբ: Խոսելով Սիրիայի զինված ուժերի հաջողություններից՝ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այսօր երկրի կարևորագույն տարածքներն ազատագրված են:    

Անդրադառալով Հալեպում սիրիահայերի տեղաշարժին՝ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ արդեն դրական միտումներ նկատվում են, նկատելի թվով ընտանիքներ գործնական քայլերի են դիմել և վերադարձել են: Վերադարձողները և´ Լիբանանից են, և´ արևմտյան երկրներից: Հայերից ոմանք իրենց նախկին գործն են վերականգնում, ոմանք նոր գործ են սկսում: Հիմնականում արհեստագործական, առևտրի ոլորտներում են: Հայ համայնքն իր ազգային կենտրոններով ձեռնամուխ է եղել հայկական կրթօջախների, կառույցների վերականգնման գործընթացին:

 Հալեպն ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին: Ժողովուրդը ցնծությամբ է տոնել բազմաչարչար Հալեպի ազատագրումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ