Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Այնպես ենք անում, որ 10 տարի հետո էլ երկրորդ էներգաբլոկը տեխնիկապես պատրաստ լինի. ՀԱԷԿ գլխավոր տնօրեն


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հավաստիացնում է, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուց հետո էլ այն տեխնիկապես պատրաստ լինի շարունակել աշխատանքը: Այս մասին նա խոսեց «Արմենպրես»-ի այն հարցին ի պատասխան, թե իր գնահատականով Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքը տասը տարուց հնարավոր կլինի կրկին երկարաձգել: «Դա պետք է լինի կառավարության որոշումը, կառավարության քաղաքականությունը։ Մենք՝ որպես Ատոմակայանի ղեկավարներ, մեր գործունեությունն այնպես ենք տանում, որ բլոկը տեխնիկապես լինի պատրաստ, եթե կլինի որոշում դադարեցնել աշխատանքը, թող դա լինի քաղաքական որոշում։ Տասը տարի հետո, եթե կուզենանք շարունակել աշխատել, պետք է նորից չփոխարինվող սարքավորումների մասով կատարենք անվտանգության հիմնավորում, ու շարունակենք աշխատել»,-ասաց ՀԱԷԿ ղեկավարը։

Մովսես Վարդանյանը նկատեց, որ աշխարհում նմանատիպ բլոկները շարունակում են աշխատել մինչև 60 տարի, Հայկական ԱԷԿ-ը երկարաձգվում է առաջին անգամ տասը տարով: «30 տարուց հետո առաջին 10 տարով երկարաձգումն է: Այս պահին կառավարության որոշումով առնվազն 10 տարվա հիմնավորման մասին ենք խոսում»,-հավելեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը:

Ճշտող հարցին՝ չի բացառում արդյոք ևս 20 տարով երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգումը՝ մեր զրուցակիցը նշեց. «Մեր առջևից կա մյուս կայանների փորձը: Մերն ավելի երիտասարդ կարող ենք համարել շահագործման ժամկետի երկարացման առումով: Դուք գիտեք, որ ցանկացած պահի միջուկային էներգետիկայի հետ կապված մի խնդրի պատճառով կարող են շատ արագ մոտեցումներ փոխել, մենք դա հաշվի կառնենք»,-նշեց Մովսես Վարդանյանը՝ ավելացնելով, որ երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման համար ՌԴ-ից վերված վարկի մարումը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը, հետևաբար ցանկալի է, որ ատոմակայանն աշխատի մինչ այդ:

Ներկայում շահագործվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը, որը բաղկացած է ռեակտորից և երկու տուրբոագրեգատորից: Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը, նախատեսվում է իրականացնել դրա վերանորոգումն ու արդիականացումը: Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը վերագործարկել այս տարվա օգոստոսի 1-ին, 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը՝ նոյեմբերի 13-ին: Երկրորդ էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:Նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ