Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր ատոմակայան ունենալու անհրաժեշտության դեպքում ճիշտ ժամանակին կսկսվեն նախապատրաստական աշխատանքները. նախարար

Նոր ատոմակայան ունենալու անհրաժեշտության դեպքում ճիշտ ժամանակին կսկսվեն 
նախապատրաստական աշխատանքները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որևէ քննարկում չի անցկացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ նոր ատոմակայան կառուցելու առնչությամբ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության չկա այս պահին: «Նման հարց վարչապետի հետ չենք քննարկել, շատ կարճ ժամանակ է, որ կառավարությունը ձևավորվել է, որքան ինձ զեկուցել են, աշխատակիցների հետ զրուցել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն նոր ատոմակայան կառուցելու հետ կապված քննարկումների: Դա խորը մասնագիտական և փորձագիտական վերլուծություններ է պահանջում, մենք չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու»,-ասաց նորանշանակ նախարարը:

Նախարարի խոսքով՝ ներքին շուկայում սպառման համար այսօր բավարար քանակով էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ կան, հետևաբար նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որևէ քննարկում ու որոշում չկա:

Ճշտող հարցին՝ խնդիրը ֆինանսական է, թե քաղաքական՝ նախարարն ասաց. «Նոր ատոմակայան կառուցելը ունենալու է արժեք, որը բավականին մեծ է լինելու, մենք այս պահին համապատասխան միջոցները չունենք, որ նոր ատոմակայան կառուցելու խնդիր լուծենք ու դրա անհրաժեշտությունը չունենք այս պահին: Դա չի նշանակում, որ անտեսելու ենք, ընթացքում կքննարկենք, հետո ձեր հարցերին կպատասխանեմ»:

Արթուր Գրիգորյանը հավաստիացրեց, որ հենց լինի նոր ատոմակայան ունենալու անհրաժեշտություն «ճիշտ ժամանակին ու ճիշտ օրը կսկսեն նախապատրաստական աշխատանքները»:

***
Ներկայում շահագործվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը, որը բաղկացած է ռեակտորից և երկու տուրբոագրեգատորից: Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը, նախատեսվում է իրականացնել դրա վերանորոգումն ու արդիականացումը: Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը վերագործարկել այս տարվա օգոստոսի 1-ին, 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը՝ նոյեմբերի 13-ին: Երկրորդ էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:Նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով:

***
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում խոսվում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակման ու անվտանգ ապագործարկման և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունման մասին՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am