Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Արդարադատության նախարարը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ համատեղ իրականացվող ծրագրերը շարունակվելու են ավելի մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանը նշել է, որ Նախարարության առաջիկա աշխատանքներն ուղղված են լինելու դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը, արդարադատության մատչելիության ապահովմանն ու պետության կողմից մատուցվող ծառայությունները ՀՀ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն:

Շոմբի Շարփը ՄԱԿ-ի անունից շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման կապակցությամբ  և նախարարի հետ քննարկել ընտրական գործընթացում, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային հատվածում նորարական լուծումների ներդրման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՄԱԿ-ի և ՄԱԶԾ-ի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]enpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ