Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Փոքր երկիր՝ մեծ գիտություն». մասնագետի պնդմամբ` զարգացած գիտությունը զարգացած տնտեսության գրավականն է

«Փոքր երկիր՝ մեծ գիտություն». մասնագետի պնդմամբ` զարգացած գիտությունը 
զարգացած տնտեսության գրավականն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը գիտության ոլորտում մեծ ներուժ և լավ մասնագետներ ունի, և պետք է այս ամենը ճիշտ օգտագործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Մենք` գիտնականներս, միշտ կարծել ենք, որ գիտությունը կարող է մեծ դեր խաղալ երկրի կյանքում: Ամեն պետություն ունի իր առանձնահատկությունը, և թե՛ հասարակությունը, թե՛ ղեկավարությունը պետք է հասկանան, որ պետք է վերլուծել ու որոշել, թե տվյալ երկրում ինչն արժե զարգացնել, և ինչը մեծ հաջողություններ կբերի: Հայաստանում մենք գիտության ոլորտում մեծ ներուժ ունենք և լավ մասնագետներ, և չօգտագործել այդ ամենը` ուղղակի խելամիտ չի լինի»,- նշեց Միքայելյանը և շատ կարևորեց այն փաստը, որ պետք է պահպանել և զարգացնել եղածը:

Նրա խոսքով` աշխարհում ցանկացած երկիր, որն ունի զարգացած գիտություն, ունի նաև զարգացած տնտեսություն:

«Մենք աստղագիտության ասպարեզում շատ մեծ հաջողություններ ունենք, և շատ քիչ երկրներ կան, որոնք ինչ-որ բանի են հասել այս ոլորտում: Իհարկե, մենք չենք համեմատվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի հետ, որոնք բավականին մեծ ենթակառուցվածքներ ունեն և ավելի մեծ թվով գիտնականներ, ֆինանսավորում, բայց այդքան զարգացած երկրներից հետո` Հայաստանն է»,- ընդգծեց Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրենը:

Նա նկատեց, որ հայ գիտնականները երբեք Հայաստանն անհաջող չեն ներկայացրել: Միքայելյանը մի մեջբերում արեց Հայաստանի մասին, որ լսել է միջազգային գիտաժողովներից մեկի ժամանակ, ասվել է. «Փոքր երկիր՝ մեծ գիտություն»:

«Գիտության դերը մեր հասարակության մեջ պատշաճ մակարդակի վրա չէ, այստեղ երկուստեք պետք է մեղադրել. գիտնականներն են համեմատաբար պասիվ, անգամ վերջին այս շարժման ժամանակ քիչ մարդիկ կային, որ որևէ խոսք, գրառում են արել: Բայց նրանք էլ բողոքում են, ասում են՝ մեզ հաշվի չեն առել: Այս հարցը կարելի է լուծել միայն փոխադարձ քայլերով»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը` բանախոսն ընդգծեց, որ Բյուրականի աստղադիտարանը միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվել է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական կենտրոն, այսինքն՝ Եվրոպայի սահմաններից Ասիա, այդ ամբողջի կենտրոնը Հայաստանն է: Միքայելյանն ասաց, որ սա միակ դեպքն է, միակ ոլորտը, երբ Հայաստանն ունի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ, և այն ճանաչել են Վրաստանը, Իրանն ու Թուրքիան: Հավելելով` նա շեշտեց, որ Բյուրականը նաև ազգային արժեք է. միջազգային մի շարք կազմակերպություններում ներկայացնում է Հայաստանը, դիտվում պատուհան դեպի Արևելք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am