Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց հարթակ, որտեղ կլինեն դպրոցական ուսումնական պրոցեսի հետ կապված առարկաների տեսանյութեր, դասախոսություններ, ուսուցիչները կխոսեն դպրոցական դասընթացների մասին, և աշակերտների համար սովորելը կլինի հետաքրքրիր։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես դեմ եմ սերիալների արգելմանը կամ փակելուն։ Բայց մենք զուգահեռ այլ բովանդակություն պետք է ստեղծենք, որ աշակերտների համար հետաքրքրիր լինի, և դա սերիալներին, ըստ էության, փոխարինի. եթե մենք զուգահեռ աշխատանք տանենք և նոր բովանդակություն ստեղծենք, վստահաբար, այլևս այդ սերիալները ռեյտինգ չեն ունենա, այդ սերիալներն այլևս նայող չի լինի, հեռուստաալիքներն էլ այլևս չեն գնի այդ սերիալները, չեն ցուցադրի դրանք, այլ դրա փոխարեն կլինեն կրթական ծրագրեր»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ գաղափարն այն է, որ, մասնավորապես, ցերեկային ժամերին հեռուստաալիքներով ցուցադրվեն դպրոցական դասընթացների հետ կապված հետաքրքիր դասախոսություններ, բացատրություններ տրվեն դասընթացների հետ կապված,                               հայտնի ուսուցիչներ, հեղինակավոր մարդիկ այդ թեմաներով խոսեն, և աշակերտների համար դպրոցական նյութը մարսելը հեշտ և հետաքրքրիր լինի։  «Մեզ՝ կրթության և գիտության նախարարությունում աշխատող նոր թիմի համար շատ կարևոր է, որ կրթությունը, դպրոցը ձեզ համար հետաքրքրիր լինի։ Եվ այս ուղղությամբ մենք, իհարկե, աշխատելու ենք»,- տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ ցանկալի է, որ նախարարությունը շատ արագ ստեղծի այդ բովանդակությունը, բայց նաև օբյեկտիվ պատճառներ կան, որ դա թույլ չեն տալիս։

«Այնպես որ սերիալներ նայելուն վերջ ենք տալիս, սոցիալական ցանցերին քիչ ժամանակ տրամադրեք, որովհետև դա ժամանակի անիմաստ վատնում է, գտնում ենք համացանցում հետաքրքրիր բովանդակություն, ինքնակրթվում ենք, որովհետև այս հեղափոխությունը լավ էր, բայց եթե մեր քաղաքացիները, մեր աշակերտները չփոխվեն, իրենք իրենց չկրթեն, կրթությանը քիչ ժամանակ տրամադրեն, մենք մեծ պրոբլեմներ ենք ունենալու»,-  դիմելով դպրոցականներին՝ նշեց կրթության և գիտության նախարարը։ Նա հավելեց, որ ինքնակրթությունը շատ կարևոր է այս փուլում լուրջ հաջողությունների հասնելու համար։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ