Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին

ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն 
ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքների և պետական կառավարման համակարգի զարգացման գործում: «Հույս ունենք, որ մեր հետագա համագործակցության ընթացքում կկարողանանք համատեղ ջանքերով բարձրացնել նաև հանրային վստահության մակարդակը վարկերի ծախսման արդյունավետության վերաբերյալ: Գիտեմ, որ Ասիական զարգացման բանկը թափանցիկ գործելակերպի կողմնակից է, հետևաբար, սա նշանակում է, որ մեր հետագա համագործակցության համար խոչընդոտներ չկան»,- ասել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հավատարիմ է մնալու այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Վարչապետը հույս է հայտնել, որ երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները կոգևորեն նաև միջազգային գործընկերներին աջակցություն ցուցաբերել ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում և այլ հիմնախնդիրների լուծման հարցում:

Շեյն Ռոզենտալը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը: ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը վարչապետին է ներկայացրել ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կառավարման համակարգի բարելավման, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, մենաշնորհների դեմ պայքարին, կառավարության առաջնահերթություններին և այլ հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am