Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Փորձանմուշներ են վերցվել Արմավիրում թունավորում ստացած աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից և ջրից


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի  խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի  խումբ աշխատակիցներ:

Պարզվել է, որ վերջիններս սննդային թունավորում են ստացել ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ ժամը 12-13-ի սահմաններում կազմակերպված ընդմիջման ժամանակ ընկերության կողմից տրամադրված համբուրգերները ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց: 

Ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում  աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից և ջրից: Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի և մայոնեզի): Նախնական տվյալներով՝ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը և մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։

 Նշանակվել են դատաբժշկական, դատասննդային փորձաքննություններ: Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 71 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ