Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կեզրափակվի գեղեցիկ գալա-համերգով

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կեզրափակվի գեղեցիկ գալա-համերգով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տասնամյակ Գյումրիի յուրատեսակ խորհրդանիշը դարձած «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ժողովուրդների արվեստագետների միջև ձևավորել նոր ստեղծագործական կապեր: Հոբելյանական մրցույթ-փառատոնի գալա-համերգը տեղի կունենա մայիսի 30-ին Գյումրիի կոնսերվատորիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վերածնունդ»-ի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը փաստել է՝ դեռ 2007-ին մեկնարկած մրցույթ-փառատոնը սկզբում հանրապետական նշանակության միջոցառում էր, սակայն ընդամենը մեկ տարի անց դարձավ միջազգային:

 «Երբ նոր էինք սկսում փառատոնը, 400 մասնակից ունեինք, հիմա նրանց թիվը հասնում է 3000-ի: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Սան Ռեմո-ջունիոր» փառատոնին, ինչը «Վերածնունդ»-ի հաջողություններից է: Իտալացիները, տեսնելով մեր փառատոնի հզորությունը, կնքեցին պայմանագիր, որպեսզի մենք կարողանանք մասնակցել այդ ստուգատեսին»,-նշել է նա:

Ավդալյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնի ամենամեծ նվաճումներից մեկն այն է, որ մասնակիցներից ձևավորվում են խմբեր, և այդ խմբերն ուղարկվում են տարբեր երկրներ: Այս տարի հունիսին Հայաստանից Մեծ Բրիտանիա և Իտալիա երաժշտական խմբեր են ուղևորվելու՝ ներկայացնելու հայ մշակույթը:

Ամռան ընթացքում երիտասարդների համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:

«Վերածնունդ»-ի մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողգործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր, երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ:

Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV և V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:

«Այս տարի առաջին անգամ կերպարվեստի մրցույթ անցկացրինք: Եվ, ի զարմանս մեզ, 184 երեխա մասնակցեց: Իրենց ստեղծագործությունները մասնակիցները նվիրեցին երկրաշարժի 30-ամյա տարելիցին: Այժմ այս նկարներով կատալոգ է տպվում»,-ասել է Կարինե Ավդալյանը: Փառատոնի շրջանակում անցկացվել է «Մշակույթների երկխոսություն» միջազգային 12-րդ գիտաժողովը` նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10-ամյակներին:

Մայիսի 25-ին տեղի է ունենալու էստրադային անվանակարգի մասնակիցների համերգը, իսկ մայիսի 27-ին ժողգործիքների անսամբլների ելույթը:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները այս տարվա ընթացքում էլ համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am